Գյումրու սոցիալապես խիստ անապահով մարդկանց հիգիենան ապահովելու նպատակով դեռեւս անցած տարի Գյումրու ավագանին գումար հատկացրեց՝ նրանց կտրոններ տրամադրելու ու անվճար բաղնիք ուղարկելու համար: Բանն այն է, որ հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչներից շատերն ապրում են կոմունալ պայմաններից զուրկ տնակներում ու չեն կարողանում լուծել այս հարցը:
Այսօր տարեվերջյան ասուլիսի ժամանակ իր կատարած գործերը թվարկելիս՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անդրադարձավ նաեւ սոցիալական բաղնիքի թեմային: «Սոցիալական աջակցության հետ կապված ասեմ, որ շատ մեծ թվով մարդկանց մենք 10 հազար դրամներ ենք տալիս, ամեն մի ավագանու նիստի ժամանակ, երեւի, տվել ենք 100-ից ավելի մարդկանց օգնություններ: Իհարկե, ինձ համար ցանկալի չէ, բայց ստիպված ենք տալու, որովհետեւ ստանում ենք 200-300 դիմում ամեն ամիս: Ուրեմն ստեղծել ենք սոցիալական բաղնիք, գիտեք, էնտեղ խիստ անապահով մարդիկ են գնում: Սկզբում, ճիշտն ասած, քիչ էր քանակությունը, բայց հետագայում կարողացանք ավելացնել, եւ էսօր ոնց որ թե քանակությունը շատ մեծ է, երեւի շաբաթ-կիրակի օրերին հարյուր մարդիկ գալիս են լողանում, նույնիսկ ընտանիքներով: Փորձում ենք դա շարունակել 2006 թվականին», -ասաց քաղաքապետը:
Կարդացեք նաև
Գյումրու բարեգործական բաղնիքի լուսանկարները` Asparez.am-ի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ