Այսօր կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի ավարտին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՎՊ 2014-ի տարեկան հաշվետվությունը:
Նա ասաց, որ 2014-ին իրենց ուշադրության կենտրոնում է եղել, օրինակ, դեղերի ձեռքբերման եւ բաշխման համար միջոցների օգտագործման խնդիրը. «Օպերատիվ վերահսկողության ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ կրճատվել է մոտ 634 մլն դրամի՝ 27.2 տոկոս դեղերի ձեռքբերման համար հավանական ծախսվող գումարների խնդիրը: Օրինակ, Ինսուլինի ձեռքբերման համար նախկինում վճարվում էր 4800 դրամ, այս դեպքում 1345 դրամ է վճարվել, որը նշանակում է բավականին միջոցների տնտեսում»:
Իշխան Զաքարյանն ասաց, որ շինարարության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են տեսնում. «Մտահոգիչ է շինարարության ծրագրավորման եւ նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքների որակը: Այստեղ անելիքներ կան»:
Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը կարծես հաշվետվությունից դժգոհ էր: Նա ասաց, որ նախրորդ հաշվետվություններում թվեր էր հնչում, խախտումների մասին հայտարարություն էր արվում, որոնք հույս էին ներշնչում, որ այդ սխալները կուղղվեն. «Այս անգամ ձեր հաշվետվությունը նրա մասին էր, որ ինչ-որ ոլորտներում առաջարկներ են եղել, որոնցով պիտի տոկոսադրույքները այլ ձեւով հաշվարկեն»:
Կարդացեք նաև
Իշխան Զաքարյանը չհամաձայնեց. «Թվեր, փաստեր էլի կան մեր հաշվետվության մեջ: Ես դրանց չանդրադարձա, որովհետեւ ապրիլից հաշվետվությունը ԱԺ-ում է, պատգամավորները հնարավորություն ունեցած կլինեն դրանց ծանոթանալու»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կոչ արեց նախկին ավանդույթը պահպանել եւ հաշվետվությունը նախ մանրամասն քննարկել հանձնաժողովներում, նոր ընդգրկել օրակարգում: Նա անդրադարձավ հաշվետվության մեջ բարձրացված կրթական խնդիրներին. «Մասնավորապես Շենգավիթ համայնքի 18 դպրոցի վերանորոգման աշխատանքները տարիներ շարունակ չեն ավարտվում: Ինչպիսի՞ գործիքներ պետք է կիրառել, որ շինարարությունը ավարտվի, որովհետեւ մեր սուղ պայմաններում վարկեր փորձեցինք գտնել, որ այդ դպրոցների շինարարությունն ավարտվի: Կառավարությունը ուշադրության կենտրոնո՞ւմ է պահում ձեր ուսումնասիրությունը, դուք ուսումնասիրում եք, բայց մեկը պետք է ականջալուր լինի՞»:
Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Տարիներ շարունակ, երբ մենք խոսում էինք ծավալային հավելագրումների մասին, դրանք հիմա շատ քիչ կան դպրոցաշինության, ճանապարհաշինության մեջ: Կիրառվող տոկոսադրույքների հետ կապված լուրջ խնդիր ունենք, բանակցային փուլում ենք, տեսնենք դրա վերջն ինչ կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ