Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը՝ ծառայողական մեքենայից հրաժարվելու, Գյումրիի բնակչության թվի նվազման ու Մետաքսի ճանապարհի մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2015 18:25

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես եկավ տարեվերջյան մամուլի ասուլիսով՝ բավական մանրամասն ներկայացնելով քաղաքապետարանի կատարած աշխատանքները տարբեր ոլորտներում: Քաղաքապետն ասուլիսի սկզբում շնորհակալություն հայտնեց 4-րդ իշխանության ներկայացուցիչներին համատեղ լավ աշխատելու համար ու միաժամանակ նեղվեց, որ ոչ օբյեկտիվ լուսաբանումներ եւս եղել են:

«Լավ է, ասենք լավ է, վատ է, ասենք վատ է, միջին է, ասենք միջին է, կան թերություններ, ասեք ուղղենք, խնդիր չկա ձեզ հետ աշխատելու, միշտ բաց են եղել դռները, որեւէ մեկիդ չենք արգելել, եթե պետք է եղել, իմ կաբինետում եմ ընդունել, շատ լավ աշխատել ենք, շատ շնորհակալ եմ»: Սամվել Բալասանյանը նաեւ ի սկզբանե խնդրեց, որ իրեն քաղաքական հարցեր չուղղվեն, քանի որ, ըստ նրա, այսօր շատ լավ օր է. բյուջեն ընդունեցին ու պետք չէ ինտրիգներ սարքել: Նա ասաց, որ լումա-լումա հավաքել են, որ քաղաք սարքեն:

«Ես աշխատավարձ չստացա, ես սա չեմ ասում, որ ներկայացնենք, ես ծառայողական մեքենա չգնեցի, վառելանյութ չօգտագործեցի եւ կարողացա բոլորին հետ պահել: Նույնիսկ այս տարի շատ սրտանց ուզում էի 13-րդ աշխատավարձ տալ, բայց ես կարողացա ընդամենը 40 տոկոս տալ, որպեսզի Նոր Տարին շնորհավորեի, փողոցի մաքրողից սկսած բոլորին կարողացանք այդքան վճարել»:  Քաղաքապետը խոսեց «Գյումրի առանց տնակների» ծրագրից, նոր աշխատատեղեր ստեղծելուց, նախորդ քաղաքապետի շրջապատի հետ դատարաններ ընկնելուց եւ այլն:

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են  76 միլիոն դրամով կրճատել պետության կողմից Գյումրիին հատկացվող դոտացիան, մի՞թե պատճառն այս քաղաքի բնակչության թվի նվազումը չէ: Ինչպես հայտնի է՝ դոտացիան հատկացնում են ՝ ելնելով բնակչության թվաքանակից: «Չէ, չի կրճատվել,  անպայման պետք է սուբսիդիա տան, որովհետեւ մինիմում աշխատավարձ կա, նաեւ էլեկտրաէներգիայի խնդիր կա, եթե սա չի լրացվի, մեր սեփական եկամուտներից կլինի, իսկ 76 միլիոնով ես երեք  հատ քարային փողոց կարող եմ սարքել քաղաքում»:

Իսկ ինչքա՞ն մարդ է ապրում Գյումրիում, հաշվարկ կատարե՞լ եք, մեր այս հարցին ի պատասխան՝ քաղաքապետն ասաց, որ այդ հաշվարկը չի ուզում ինքն անել, բայց որ Գյումրիից արտագաղթ կա, դա փաստ է:

Aravot.am-ը քաղաքապետից հետաքրքրվեց, թե  ուշացած չէ՞ նախագահի կամ կառավարության ուշադրությունն այս քաղաքի հանդեպ: Սամվել Բալասանյանը չհամաձայնեց՝ ասելով. «Ինչո՞ւ է ուշացած, վարկ են տալիս, վարկերով պիտի կարողանաս կառուցել, ո՞ր քաղաքն է միանգամից կառուցվել, ինչքան շատ ենք անում, այնքան պահանջը մեծանում է, եթե ոչինչ չանես, որեւէ մեկը հույս էլ չունի, որ դու բան կանես»:

Aravot.am-ի հաջորդ հարցին, թե այդքան բանակցեցիք չինացիների հետ, բայց մետաքսի  ճանապարհը, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, շրջանցում է  Հայաստանը, Սամվել Բալասանյանն ասաց, որ նման բան լինել չի կարող, քանի որ այն Անիով է անցել, այդ հարցով ինքը հուշագիր է ստորագրել Սիանի հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031