Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանն ԱԺ-ում է, ո՞ւր են պատգամավորները

Դեկտեմբեր 17,2015 18:20

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նիստերի գրեթե դատարկ դահլիճում ներկայացրեց 2016-ի տարեկան ծրագիրը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները, հատկապես ՀԱԿ-ը մշտապես մեծ աղմուկ է բարձրացնում, երբ ՎՊ նախագահի փոխարեն ԱԺ է գալիս իր տեղակալը, խորհրդի անդամը: Այս անգամ էլ ՀԱԿ պատգամավորները զգուշացրել էին, որ անպայման գա հենց Իշխան Զաքարյանը: Բայց, ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը հանրաքվեից հետո բոյկոտել է ԱԺ նիստերը, իսկ մյուս պատգամավորներն էլ քվեարկություններից եւ գրանցվելուց հետո լքել են նիստը:

Իշխան Զաքարյանն ասաց, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ըստ ծրագրերի, վերահսկողության բոլոր թեմաներին անդրադարձել են:

10 ծրագիր է ընդհանուր, 11-րդը վերաբերում է միջազգային վարկերի վերահսկմանը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը գովեց Իշխան Զաքարյանին. «Ես հարգում եմ ձեզ, փորձառու մասնագետ եք, երկար տարիների փորձ ունեք»:

Հետո ԲՀԿ պատգամավորը հետաքրքրվեց՝ 700 մլդ չարաշահումների մասին հայտնի հայտարարությունից հետո այս ընթացքում պետական միջոցների օգտագործման արդյունավետության, կարգավորումների, վարչարարության հարցում ունե՞ք առաջընթաց, թե՞ ամեն ինչ նույնն է. «Ուզում եմ հասկանամ՝ այնուամենայնիվ, գործերը այդ մասով մեր երկրում լավացե՞լ են, թե՞ մնացել են նույնը»: Նա ակնկալում էր անկեղծ գնահատական:

Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Կարող եմ յուրաքանչյուր ծրագրի հետ կապված արդյունավետության գնահատական տալ: Բայց Վերահսկիչ պալատի ներուժն ու աշխատանքների ծավալը հաշվի առնելով՝ մենք լավագույն դեպքում կարող ենք վերահսկողության դաշտ ուղղել պետական բյուջեի ծախսային մասի կամ ընդհանրապես ծրագրերի 10 տոկոսը, 15 տոկոսը, ոչ ավելի: Շատ մանրամասն մեր ծրագրերի մեջ դրանք արտացոլված են, հաշվետվությունները տեղադրված են մեր կայքէջում, ամբողջը արտացոլված է հաշվետվությունների մեջ: Մի ծրագրի մասով կարող ենք գնահատել արդյունավետ, մի մասով՝ ոչ: Մանրամասն ներկայացված է»:

Միքայել Մելքումյանը ճշտեց՝ բյուջեի ծրագրերն իրականացնելիս ամեն ինչ թողնված է պետական կառույցների մենեջմենթի վրա՞, թե՞ քաղաքական որոշումներից է կախված: Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Քաղաքական որոշումը մեր խնդիրը չի, որ առաջարկենք, բայց որոշ դեպքերում գուցե կա անհրաժեշտություն, որոշ օրենսդրական փոփոխություններ անել: Եթե մենք տեսնում ենք, որ կա օրենսդրական փոփոխությունների կարիք, մենք առաջարկում ենք»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ ծրագիրն ուսումնասիրել է ՎՊ-ի եւ ամենակարեւոր ուղղություններից մեկը ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվի ուղղությունն է. «Անցյալ տարի ես առաջարկություն էի ներկայացրել, որը կապված էր Հարավկովկասյան երկաթուղու սուբսիդավորման հետ, այդ գումարն ամեն տարի մեծանում է: Այդ առաջարկությունն այդպես էլ ծրագրում տեղ չգտավ եւ չքննարկվեց, ուշադրության չարժանացավ»:

Ըստ Էդմոն Մարուքյանի, այդտեղ ստուգումների կարիք կա եւ պնդեց, որ ստուգեն:

Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ այդ առաջարկը քննարկում են, հարցն օրակարգից հանված չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031