«Նոր Հայաստան» քաղաքացիական ճակատի անդամներն այսօր Ազատության հրապարակում հանդիպեցին իրենց համակիրների հետ: Ճակատի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի խոսքով, ազգային անվտանգության խորհրդում փորձում են եղանակներ հորինել Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փրկելու համար. «Այս պահի դրությամբ, պետք է արձանագրենք, որ քրեական ռեժիմը Հայաստանում վերահսկում է մոտ քսան միլիարդ դոլար կազմող սեփականություն: 300-400.000 մարդ գտնվում է աշխատանքային հարաբերություններում քրեական օլիգարխիայի ներկայացուցիչների հետ: 18.000 ոստիկան ունենք, ԱԱԾ ունենք, որը, ըստ էության, կաշկանդված չէ մեր երկրի սահմանադրությամբ անձեռնմխելիության իրավունքով մեր մասին անձնական տեղեկություններ ձեռք բերել: Երբ ուզում են, մեր անձնական տեղեկությունները նրան համար հասանելի են: Այդ ամենն ունեն, բայց չեն կարողանում մեզ հետ մրցակցել»:
Անդրիաս Ղուկասյանը նեղսրտել է՝ իշխանությունները զրպարտում են քաղաքական գործիչներին. «Իջել եք այդ մակարդակի՞, որ սուտ տեղեկություններ եք տարածում գործիչների մասին: Ասում են՝ չենք համագործակցում իրենց հետ: 2010-ին ես, Մանվել Սարգսյանը ԼՂՀ խորհրդարանին ներկայացրել ենք հռչակագիր, ուզո՞ւմ էիք մեզ հետ համագործակցել, համագործակցեիք, հիմա՞ եք ասում՝ ինչո՞ւ չենք համագործակցում: Երբ դիմում էինք , մեզ մերժում էիք: Առ այսօր մերժել եք մեր բոլոր նախաձեռնությունները, դրա համար փողոցում ենք, իսկ դուք ասում եք՝ ինքնանպատակ ենք փողոցում, դուք ունեիք բոլոր հնարավորությունները մեզ հետ համագործակցելու, բայց մերժեցիք, դրա համար դուրս եկանք փողոց ու որոշեցինք, որ ձեզ պետք է ոչնչացնենք: Սպառել ենք ձեր հետ համագործակցելու մեր կարողությունները: Չկա նրանց հետ շփվելու, խոսելու, բանակցելու խնդիր…. Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալու ու բանտ է նստելու: Դա ոչ թե իմ ցանկությունն է, այլ քաղաքական անհրաժեշտություն»:
Վարուժան Ավետիսյանն էլ ասաց, որ այսօր «Նոր Հայաստանի» մարզային հանդիպումները նույնպես առանց միջադեպերի չանցան. «էջմիածում ԵԿՄ ներկայացուցիչ հանդես եկող մարդիկ, նույնիսկ, երբ նրանց արտահայտելու հնարավորություն տրվեց, փորձեցին խոչընդոտել հանդիպումը, ու դա կատարվել է ոստիկանների արձանացած վիճակի պայմաններում: Ընդհանուր ցուցում է տրված նման կերպ դիմավորելու «Նոր Հայաստանի» ներկայացուցիչներին»:
Հանդիպման ավարտին Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց վաղվա հանրահավաքի ու հանրահավաք երթի մասին: Հանրահավաքը կսկսեն Ազատության հրապարակից:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ