2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 4 ընտրատարածքի տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 3 քրեական գործ՝ քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ։
Այսպես՝
1.06.12.2015թ.-ին՝ ժամը 23:20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանը և հայտնել, որ թիվ 4/26 ընտրատեղամասում գողացել են «Ոչ»-ի քվեաթերթիկները և ավելացրել նույնքան «Այո»-ի քվեաթերթիկ:
ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում Վ.Թոքմաջյանը հաղորդում և բացատրություն է տվել, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի 8 հասցեում տեղակայված թիվ 4/26 տեղամասում՝ ժամը 21:00-ի սահմաններում, անհայտ անձը գողացել է 219 հատ «Ոչ» քվեարկված քվեաթերթիկ, որի փոխարեն ավելացվել է նույնքան «Այո» քվեարկված քվեաթերթիկ։
Կարդացեք նաև
Նկատի ունենալով, որ ահազանգի հիման վրա նախապատրասված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (քվեարկության արդյունքները կեղծելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Արաբկիրի քննչական բաժնում 16.12.15թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով։
2. 07.12.2015թ.` ժամը 04:35-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ 06.12.2015թ. տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրատեղամասում տեղի են ունենում խախտումներ:
Ահազանգի հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում «ՀԱԿ»-ի վստահված անձ Անի Թովմասյանը հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 06.12.2015թ. տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հարաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանի կողմից ձայները սխալ հաշվելու, ինչպես նաև արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու արդյունքում կեղծվել են քվեարկության արդյունքները:
Նկատի ունենալով, որ ահազանգի հիման վրա նախապատրասված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (քվեարկության արդյունքները կեղծելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Արաբկիրի քննչական բաժնում 16.12.15թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով։
3. 07.12.2015թ.` ժամը 03:00-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Քրիստինա Գևորգյանից այն մասին, որ 06.12.2015թ. տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հարաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 04/05 ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից կատարվել է հանրաքվեի արդյունքների ակնհայտ սխալ հաստատում, կեղծվել են քվեարկության արդյունքները:
Ահազանգի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։
Նկատի ունենալով, որ նախապատրասված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (քվեարկության արդյունքները կեղծելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Արաբկիրի քննչական բաժնում 16.12.15թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով։
Նշված բոլոր երեք քրեական գործերով որոշումներ են կայացվել՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ուղարկելու մասին։
Այսպիսով՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործերից 6-ն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Հարուցված քրեական գործերից 3-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածին (քվեարկության արդյունքները կեղծելը), 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածին (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)։
Ծանուցում. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 149-րդ (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 150-րդ (Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը), 154.1-րդ (Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը), 154.2-րդ (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), քննությունը ենթակա է կատարման Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից:
ՀՀ քննչական կոմիտե