Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավապահները կաշկանդված են հանրաքվեի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ»

Դեկտեմբեր 17,2015 18:15

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը իրավապահ մարմինների՝ հանրաքվեից հետո՝ ներկայիս փուլում իրականացված աշխատանքները որակեց «ուշացած», «կեղծիք», «աչքակապություն»:

«Մեդիա կենտրոնում» «Ինչպիսի՞ն է իրավապահ մարմինների արձագանքը սահմանադրական հանրաքվեին արձանագրված ընտրախախտումներին» թեմայով քննարկմանը պարոն Սաքունցը փաստեց. «Ունե՞նք հանրաքվեի քարոզչության ընթացքում օպերատիվ հետախուզության արդյունքում սեփական նախաձեռնությամբ բացահայտված ընտրախախտման գեթ մեկ փաստ: Ոչ: Ունե՞նք արդյոք քվեարկության օրը իրավապահների օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում արձանագրված, բացահայտված, կանխված որևէ փաստ՝ ոչ: Եվ սա վկայում է այն մասին, որ ներկայիս փուլում իրավապահների կատարած գործողությունները անգործություն են»:

Ըստ պարոն Սաքունցի՝ իրավապահները սպասում էին, որ ԿԸՀ-ի կողմից թվերը հրապարակվեն, հետո ցույց տան, թե իբր գործ են անում: Հետևաբար պնդեց. «Ոչ միայն արդյունավետ չէ իրավապահների արձագանքը, այլև բոլորովին կեղծ են այդ գործողությունները և անհամարժեք խախտումների կազմակերպված բնույթին»: Արթուր Սաքունցի համոզմամբ՝ «առաջին հերթին Սերժ Սարգսյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացնեն, որը, չսպասելով ԿԸՀ-ի կողմից վերջնական տվյալների հրապարակմանը, հայտարարել է, որ հանրաքվեն կայացած է, ինչպես նաև քրեական գործ պետք է հարուցվի բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ևս դա հայտարարեցին»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանի կարծիքով՝ իրավապահների կատարած աշխատանքով այդպես էլ իրավական պատշաճ գնահատական չի տրվում ողջ հանրաքվեի անցկացման գործընթացին և ընտրախախտումներին: Դառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Հայկուհի Հարությունյանը նշեց. «Մեկ կամ մի քանի հանձնաժողովի անդամի կամ ղեկավարի վերաբերյալ իրականացված քննության արդյունքների վերաբերյալ դատարաններն արդյոք կաշկանդված չե՞ն Սերժ Սարգսյանի հայտարարությամբ»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով ոստիկանության հավաստիացումներին, թե հանրաքվեի օրը տեղամասերից որևէ մեկը դժգոհություն չի հայտնել ոստիկանության աշխատանքի վերաբերյալ, նշեց. «Հունան Պողոսյանի հայտարարածը մաքուր սուտ է: Այս պահին կարող եմ նման բազում օրինակներ բերել, որ օրինակ, 5/1, 6/3 տեղամասերում, երբ հանձնաժողովի անդամը մի անձի մոտ հայտնաբերել է քվեաթերթիկների ծրարներ, անդամը կանչել է ոստիկաններին, սակայն նրանք որևէ գործողություն չեն կատարել, կամ 8/29 տեղամասից են ահազանգել ոստիկանությանը, կրկին որևէ արձագանք չի եղել»:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեն ՀՀ վարչապետ, «այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե խախտումների մասին տեսանյութերը եղել են մոնտաժված, պարոն Սաքունցն ասաց. «Նա ամենայն հավանականությամբ լավ տիրապետում է մոնտաժին, այնպես ինչպես մոնտաժեցին հանրաքվեն, դրա համար էլ նման հայտարարություն է արել: Բայց  գլխավոր դատախազը դրա գնահատականը տվել է, որ մինչև քննության իրականացումը որևէ մեկը նման բան խոսելու իրավունք չունի»:

Հայկուհի Հարությունյանն էլ հավելեց, որ նույնիսկ, եթե վարչապետը նման տեղեկություններ ունի, դրանք նույնպես ոչ օրինական գործողություններ են, ինչը ևս պետք է դառնար քննության առարկա: Հարցին՝ որքանո՞վ է արդյունավետ Լևոն Զուրաբյանի՝ հինգ տեղամասերի աղաղակող խախտումների վերաբերյալ դատախազություն հաղորդում ներկայացնելու փաստը, պարոն Սաքունցը պատասխանեց. «Իմ ունեցած բոլոր վերապահումներով հանդերձ Լևոն Զուրաբյանի նկատմամբ, դա զուտ իրավական քայլ է, և գնահատում եմ դրական»:

Համեմատելով հանրաքվեն 2013-ի ընտրությունների հետ Դանիել Իոաննիսյանը նկատեց, թե «գոնե այն ժամանակ մարդ չէին ծեծել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031