Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ոլորտում. թաքնված վտանգներ

Դեկտեմբեր 17,2015 17:26

Այսօր՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Նախագծի կազմումը և հաստատումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջին տարիներին ընդունված երկու կարևոր որոշումներից՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունից և Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգից: Նշված փաստաթղթերը ուղղված են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջների կատարմանը: Հայաստանի Հանրապետությունը նշված կոնվենցիան վավերացրել է 2010 թվականին սեպտեմբերի 22-ին: Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն՝ այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:

Կոնվենցիայի 19-րդ հոդվածն ամրագրում է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներգրավելու իրավունքը: Հայաստանի Հանրապետությունում մեծ թվով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք խնամք և բուժում են ստանում փակ տիպի հոգեբուժական կամ խնամքի հաստատություններում՝ անազատության մեջ, մեկուսացված համայնքից: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մեկ այլ մասը, գտնվելով հաստատություններից դուրս, ընդհանրապես պատշաճ խնամք և բուժում չի ստանում: Ուստի համայնքահեն ծառայությունների՝ ինչպես օրինակ խնամքի շուրջօրյա տների ներդնումը կարևոր քայլ է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ կոնվենցիայով ամրագրված իրավունքների ապահովման գործում: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ողջունում է «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը, միևնույն ժամանակ լիահույս է, որ նշված որոշման կիրառման ընթացքում կբացառվեն շուրջօրյա խնամքի տների ինստիտուցիոնալիզացման վտանգները: Համայնքահեն ծառայություններից օգտվող անձանց խնամքը պետք է կազմակերպվի  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված արժանապատվության նկատմամբ հարգանքի, անհատի ինքնուրույնության, ազատ ընտրության, անձի անկախության և հավասարության (խտրականության բացառման) սկզբունքներին համապատասխան:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031