Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Եթե մեկը բուդ ունի, պետք է բոլորն ունենա՞ն». հոգեբանը՝ վարկով Ամանորի մասին

Դեկտեմբեր 17,2015 17:08

«Յուրաքանչյուր ընտանիք Ամանորը պետք է կազմակերպի այնպես, ինչպես իրեն է հաճելի, ոչ թե տրվի սոցիումի պահանջներին, թե ՝ այսպես կամ այնպես է ընդունված անել: Դա շատ հաճախ հակասում է անհատական մոտեցումներին, այդ պատճառով էլ մարդկանց մոտ նեւրոտիկ դրսեւորումներ են լինում կամ դեպրեսիաներ»,-Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով Նոր տարին դիմավորելու «առողջ բանաձեւի» մասին, ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը: Նրա բնորոշմամբ՝ երբ օրգանիզմն ուզում է մի, իսկ ուղեղը՝ մեկ այլ բան, մարդը հոգեբանական խնդիրների առաջ է կանգնում. «Գլոբալ առումով պարտադրական ոչինչ չկա, ավելի մեծ դեր է խաղում հասարակական պրովոկացիան, որը երկու բաղադրիչ ունի՝ «մոդա» եւ համեմատություն: Հասարակությունը միշտ համեմատում է իր անդամներին, ինչն ավելի շատ խորհրդային ժամանակաշրջանից մնացած երեւույթ է: Մանկուց մարդը սկսում է ձգտել մի բանի, որովհետեւ դա ունեն մյուսները: Սակայն մարդը չպետք է, օրինակ, մասնագետ դառնա միայն նրա համար, որ հարեւանի երեխան էլ է ինչ-որ մասնագետ: Նույնն էլ Ամանորին է վերաբերում: Կարծում են, թե եթե ինչ-որ մեկը բուդ ունի, պետք է բոլորն ունենան…»:

bud

Թե ինչպես «դիմակայել» հարեւանների՝ տոնական սեղանների մասին ոչ ցանկալի ակնարկներին, Արկադի Մեհրաբյանը խորհուրդ է տալիս պարզապես հաշվի չառնել անհարկի քննադատությունները. «Քննադատությունը սովորաբար առողջ է լինում: Իսկ երբ անհիմն համեմատություններ են անում հարեւանների մասին, պարզապես պետք չէ ուշադրություն դարձնել»:

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ հետտոնական սթրեսներից խուսափելու համար տոնական օրերին պետք է ուշադիր հետեւել սննդակարգին. «Սթրեսների մյուս պատճառը կենցաղային-սոցիալական է, երբ ընկնում են «ֆինանսական ցայտնոտի» մեջ: Առհասարակ՝ վարկով արված ամեն ինչին շատ վատ եմ վերաբերվում, բայց կա խելամիտ վարկ, երբ մարդը հաշվում է իր ծախսերն ու հասկանում՝ ինչ պետք է գնի: Հակառակ պարագայում վարկը վերցնում են, հետո նոր մտածում՝ ինչ անել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031