Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ խուլիգանն էր կրթվում այդ միջավայրում». Հաղթանակ Շահումյան

Դեկտեմբեր 17,2015 16:57

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մշակույթը հանրության ուշադրությունից դուրս է մնացել»,- մտահոգվում է ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո):

Նկարիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դրա համար բազմաթիվ պատճառեր կան: Եվ որ ամեն ինչ սովորաբար կապում են նյութականի հետ, այնքան էլ այդպես չէ, որովհետև Հայաստանի համար ամենածանր, պատերազմական ժամանակներում անգամ մեր մշակույթը զարգացել է:

«Խորհրդային Միության փլուզումից հետո մենք մի համակարգից մյուսին ենք անցել, իսկ արվեստը դեռ չի հասցրել ինտեգրվել նոր միջավայրին: Եղածը միանգամից ոչնչացրել ենք, իսկ նորը չենք ստեղծել»,- ասաց Հ. Շահումյանը:

Ըստ նրա՝ մշակութային ոլորտի խնդիրները գալիս են նաև այն փաստից, որ այս կամ այն ոլորտը կարգավորող նորմալ օրենսդրական ակտեր չկան. «Եթե պետության կողմից քիչ թե շատ ֆինանսավորվում են թատրոնը, կինոն, ապա կերպարվեստը բացարձակապես չի ֆինանսավորվում, անգամ պետականորեն խրախուսվող ցուցահանդեսները չեն ֆինանսավորվում: Պարտադիր չէ, որ պետությունը մասնակից դառնա նյութական բազա ստեղծելուն, բայց պետք է պայմաններ ստեղծի, որ այդ բազան առաջանա: Կերպարվեստի ասպարեզում օրենսդրական շատ նշանակալի բացթողում կա. արվեստանոցը դիտվում է որպես արտադրական միավոր, արվեստանոց ունեցողը վճարում է այնքան, որքան խանութ ունեցողը»,- ընդգծեց արվեստագետը:

Նա գտնում է, որ կրթական համակարգն էլ իր հերթին է մեղավոր. «70-80-ական թվականներին մեր ուսանողությունը շատ կիրթ էր արվեստի ընկալման հարցում: Այն ժամանակ, մանկապարտեզից սկսած, նկարչության, երաժշտության դասեր էին անցնում: Պարտադիր չէ, որ բոլորը նկարիչներ կամ երաժիշտներ դառնան, կարևորը այդ միջավայրն է, որը հիմա չկա: Պատահական չէ, որ այդ տարիներին կերպարվեստի սիրահարներից շատերը գիտության մարդիկ էին. նրանք դպրոցից արդեն սեր էին ձևավորել արվեստի հանդեպ: Ես չգիտեմ, թե մեր ներկայիս կրթական համակարգն ուր է տանում, նպատակը որն է: Բայց արդյունքն այն է, որ արվեստի ընկալման հարցում մեր հասարակությունն անգրագետ է դարձել. ժամանցայինը դարձել է առաջնային, իսկ լուրջ, իրական արվեստը մղվել է երկրորդ պլան: Ասում են՝ ժողովուրդը սիրում է: Ո´չ, ժողովուրդը չի սիրում, պարզապես, նրան ինչ մատուցում են, այն է վերցնում»,- համոզված է նկարիչը:

Հ. Շահումյանի դիտարկմամբ՝ շատ բան ուղղակի կապկում ենք դրսից՝ փորձելով «հետ չմնալ» ժամանակից: Ըստ նրա՝ այն, ինչ դեռ դրսում չի էլ ընդունվել և ընդամենը փորձնական փուլում է գտնվում, մեր ստեղծագործողներից շատերը հաճույքով վերցնում ու սկսում են կրկնօրինակել՝ անելով ամեն ինչ, որ այն իբրև թե դառնա մերը:

Հ. Շահումյանին մտահոգում է նաև այն, որ արվեստագետների և, հատկապես նկարիչների միջև հիմա պակասել է շփումը. «Նույնիսկ չենք ճանաչում իրար,- ասում է նա,- սակայն կան տաղանդավոր երիտասարդ նկարիչներ, որոնք, ցավոք, գրեթե չեն երևում»:

Նկարիչը հիշում է, որ խորհրդային տարիներին կար երևանյան հայտնի սրճարան, որտեղ տեղի էին ունենում մշակութային քննարկումներ, վեճեր, որոնք ակնհայտորեն տալիս էին իրենց դրական արդյունքը. «Նույնիսկ կողքի սեղանի մոտ նստած խուլիգանն էր կրթվում այդ միջավայրում, իսկ ուսանողները աչքերը լայն բացած հետևում էին այդ ամենին: Սովորաբար, ամեն ցուցահանդեսից հետո լուրջ քննարկումներ էին լինում: Մենք բոլորս մտերիմ էինք, միջավայրը բաց էր, առանց քաշվելու իրար նկատողություն էինք անում, թե բա քեզ սազո՞ւմ է, որ էս գործը բերել ես էս ցուցահանդեսին…»,- հիշում է Հ. Շահումյանը:

Նա գտնում է, որ ստեղծված իրավիճակում ստեղծագործական միությունների գոյությունը հիմա շատ ավելի կարևոր է, քան խորհրդային տարիներին. «Այն ժամանակ կար պետական հոգածություն, և միությունները ավելի շատ միջնորդի դեր էին կատարում: Իսկ այսօր միությունները մեծ դեր կարող են ունենալ կորսված միջավայրի վերականգնման, երիտասարդ ստեղծագործողներին օգնելու և շատ այլ հարցերում»,- համոզված է նկարիչը:

Նա ցավով նկատեց նաև, որ շատ արվեստագետների համար հիմա բավականին դժվար է ցուցահանդես կազմակերպելը, որովհետև դահլիճներից յուրաքանչյուրն իր գինն ունի: Բացի այդ, նկարիչն այսօր և´ իր մենեջերն է, և´ արվեստաբանը, և´ ամեն ինչը. «Ով ճարպիկ է, կարող է իր խնդիրները լուծել, բայց շատ տաղանդավոր մարդկանց դա չի հաջողվում»,- ասաց Հ. Շահումյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031