ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտահերթ նստաշրջանի այս օրերին գործուղման մեջ էր եւ չի կարողացել արձագանքել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին՝ ուղղված ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին:
Այսօր նա վարկային համաձայնագրի մասին ելույթ ունենալիս շեղվեց օրակարգից եւ պատասխանեց Փոստանջյանին՝ նրան հանելով «սուտի ընդդիմադիր». «Երկու օր է՝ գոյություն չունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, լուսանցքում հայտնված որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ երեւի թե Ամանորին ընդառաջ հոգով իրենց ընդդիմադիր զգալու համար, գործիչներ, որոնք անունով ընդդիմադիր են, բայց իրականում հովանավորվում են իշխանության այս կամ այն գործչի կողմից, իրենց թիրախը դարձնում են ԲՀԿ-ն: Որովհետեւ նրանց բոլոր փորձերը ԲՀԿ-ին տեղավորել իրենց սեփական օրակարգում դատապարտվել են: Նրանց բոլոր փորձերը ԲՀԿ-ի ռեսուրսները ծառայեցնել իրենց նպատակին՝ դատապարտվել են: Ուստի տվյալ քաղաքական ուժերը, տվյալ գործիչները, որոնք դե յուրե իբր թե ընդդիմադիր են, բայց դե ֆակտո գործում են իշխանության այս կամ այն ներկայացուցչի բարձր հովանու ներքո, իրենց թիրախը դարձրել են ԲՀԿ-ն»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, այլ քաղաքական ուժերին քննադատելը իրենց ընդդիմադիր «բոնուսները» չի ավելացնում. «Տեսնելով, որ իշխանությունը վատն է, այս իշխանությունը պիտի հեռանա հայտնի ճշմարտություններով այլեւս ժողովրդին չես խաբի, ինչ է մնում անել՝ թիրախ դարձնել ԲՀԿ-ին: Եթե իրենք իրենց խնդիրը չեն կարողանում լուծել…»:
Նաիրա Զոհրաբյանի խոսափողն անջատվեց, որովհետեւ ժամանակը լրացավ:
Կարդացեք նաև
Նա շարունակեց իր բորբոքված խոսքը՝ առանց խոսափողի՝ ասելով. «Մնացեք ձեր չափի մեջ: Ոչ մեկը չփորձի իրեն իրավունք վերապահել քննարկելու ԲՀԿ-ն փողոցային լեքսիկոնով»:
Միքայել Մելքումյանն էր արդեն ամբիոնի մոտ ելույթ ունենում, բայց Նաիրա Զոհրաբյանը դեռ տեղից պատասխանում էր Փոստանջյանին՝ քննադատելով նրան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ