Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է հունից հանում Իլհամ Ալիեւին

Դեկտեմբեր 17,2015 16:43

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը`տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների մասին

-Թուրք-ռուսական հարաբերությունների էսկալացիան ի՞նչ խնդիրների առջեւ կարող կանգնեցնել Հայաստանին: Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, կարծես, ամենաանհարմար վիճակում Ադրբեջանն է հայտնվել:

-Թող ասածս սարկազմ չընկալվի, բայց ռուսական ռմբակոծիչի խոցումը որոշակի հստակություն մտցրեց: Տեւական ժամանակ մեր մամուլում գեներացվում էր տեսլական, որ ռուս-թուրքական պայմանավորվածություններ գոյություն ունեն, Ռուսաստանը եւ Թուրքիան պատրաստվում են, ինչպես գրեթե մեկ դար առաջ, վերստին կիսել Հայաստանը եւ այլն եւ, իբր, այդ ծրագիրն իրականություն չի դառնում շնորհիվ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զսպելու քայլերի: Ավելի սթափ դատող վերլուծաբանները գտնում էին, որ ռուս-թուրքական երկարաժամկետ, ռազմավարական դաշնակցությունը բացառված է: Ռուսական ռմբակոծիչը կործանելով՝ Թուրքիան հաստատեց վերջին տեսակետի իրավացիությունը: Սա առարկայական իրողություն է, բայց դրանից չի հետեւում, թե ռուս-թուրքական լարվածությունից Հայաստանը եւ հայ ժողովուրդը կարող են եւ պետք է շահեն: Վախենամ, թե ռուս-թուրքական ջերմ հարաբերությունների պարագայում մենք ավելի նպաստավոր դիրքում կլինեինք, քան՝ երբ դրանք հասել են այն աստիճանի, որ Թուրքիան քննարկում է Բոսֆոր-Դարդանելում ռուսական նավերի համար խոչընդոտներ ստեղծելու հարցը:

Չեմ կիսում տեսակետը, թե ամենաանհարմար վիճակում Ադրբեջանն է հայտնվել: Ընդհակառակը, հիմա Ռուսաստանը խնդիր ունի թուրքական աշխարհին համոզելու, որ Մերձավոր Արեւելքում ինքնահաստատվելու քայլերը թուրքերի դեմ չեն, Թուրքիայի դեմ չեն: Ադրբեջանը թուրքական աշխարհի մաս է, եւ Ռուսաստանն ամեն կերպ ձգտելու է պահպանել, եթե կարելի է ասել, «օրինակելի» հարաբերություններ: Նաեւ՝ նպատակ հետապնդելով հնարավորինս սահմանափակել Բաքվի վրա Անկարայի ազդեցությունը: Սա Ալիեւի համար ձեռնտու իրավիճակ է, երբ կարելի է օգտվել եւ Մոսկվայի բարեհաճությունից, եւ Անկարայի եղբայրական աջակցությունից:

Vahram-Atanesyan

– Տեսակետ կա, որ տարածաշրջանային այս լարված եւ անկանխատեսելի իրավիճակում ԼՂՀ հարցում պարտադրված լուծումներ չեն կարող լինել, քանի որ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, մանավանդ ՌԴ-ին, դա ձեռնտու չէ: Համամիտ ե՞ք: ՌԴ-ն չի՞ կարող օգտվել իրավիճակից եւ խաղաղապահ ուժեր տեղակայել սահմանագոտում, ինչի մասին տարիներ շարունակ ակնարկում են ռուս տարբեր պաշտոնյաներ:

– «Պարտադրված լուծումների» թափառիկ սյուժեն գոյություն ունի արդեն շուրջ երկու տասնամյակ: Իրականում, մինչդեռ, ԼՂ հարցում որեւէ պարտադրված լուծում չի կարող լինել: Դա բացառված է խնդրի էությամբ, դրա միջազգային ընկալմամբ եւ, իհարկե, արտաքին ուժերի շահերի ներհակությամբ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի մտադրություններին, ապա խնդիրն այստեղ բարդանում է այնքանով, որ կանխատեսումներ անելն առհասարակ անշնորհակալ գործ է, Ռուսաստանի քայլերի պարագայում՝ հատկապես:

Կարող եմ մի դատողություն անել՝ զորքերի շփման գոտում ռուս խաղաղապահներ ունենալ՝ նշանակում է նախ «գրավել Բաքուն»: Խաղաղ ճանապարհով Ադրբեջանը, համոզված եմ, չի հանձնվի, եթե նույնիսկ նրան «ոսկե սարեր» խոստանան: Մնում է ի՞նչ, ռազմական ներխուժու՞մը: Բայց այդ դեպքում Ռուսաստանը պետք է խնդիր դրած լինի վերականգնել Խորհրդային Միությունը: Որոշակի շրջանակներ Մոսկվայում նման տրամադրվածություն դրսեւորում են: Տպավորություն է, որ Սիրիայում ռազմաքաղաքական հաջողություն ունենալու դեպքում Ռուսաստանն ավելի հավակնոտ կարող է դառնալ:

– Անկախ ամեն ինչից, սահմաններում լարված իրավիճակը պահպանվում է, Ադրբեջանը նույնիսկ սկսել է տանկեր կիրառել, ամեն օր զոհեր եւ վիրավորներ են լինում: Միջազգային միջնորդները պահպանում են կրավորական կեցվածքը, լարվածության թուլացումն էլ տեսանելի չէ:

– Լարվածությունը, ցավոք, չի թուլանալու: Դա Ադրբեջանի վերջին «փաստարկն» է: Երբ աշխարհը զբաղված է Սիրիայի, ISIS-ի հարցերով, երբ սառը պատերազմի ուրվականն է պայմանավորում Ռուսաստան- ԱՄՆ, ՆԱՏՕ- Ռուսաստան հարաբերությունները, ԼՂ խնդիրը դառնում է երկրորդական, նույնիսկ՝ երրորդական: Աշխարհի ուժեղների համար այսօր կարեւոր է մի բան՝որպեսզի ԼՂ հակամարտության գոտում պատերազմը չվերսկսվի: Իսկ դա հնարավորություն է հայկական կողմի համար՝ դիվանագիտորեն եւ այլ միջոցներով առաջ մղելու ԼՂ անկախության ճանաչումը: Սա է, որ հունից հանում է Ալիեւին: Իրավական դաշտում, քարոզչությամբ նա ոչինչ անել չի հաջողում: Մնում է սրել իրավիճակը: Բայց դա մարտահրավեր է միջազգային հանրությանը:

Այսօր խնդիր կա, որ ԼՂ հակամարտության գոտում հայկական զինուժի դերակատարությունը միջազգայնորեն վերագնահատվի: Ոմանք ասում են, որ հայկական զինուժը կանգնած է միջազգային ահաբեկչության սահմանին: Սկզբունքորեն դա արդարացի գնահատական է, բայց քաղաքականապես այն ինձ մի փոքր ոչ ադեկվատ է պատկերվում: Ավելի ճիշտ է ասել, որ երկու տասնամյակ ի վեր հայկական զինուժը խաղաղապահ առաքելություն է իրականացնում, որպեսզի կանխի Ադրբեջանի կողմից ԼՂ հայ բնակչության բռնատեղահանումը, ֆիզիկական ոչնչացումը: Չէ՞ որ Բաքուն այդպես էլ երկխոսության որեւէ առաջարկ չի անում Ստեփանակերտին: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը չունի ԼՂ խնդրի խաղաղ-բանակցային կարգավորման նպատակադրվածություն: Քանի դեռ այդպես է, հայկական զինուժը կմնա այն դիքերում, որ համաձայնեցված է զինադադարի մասին համաձայնագրով: Կփոխվի՞ Ադրբեջանի քաղաքական տրամադրվածությունը, կսկսի՞ Բաքուն բանակցել Ստեփանակերտի հետ, այդ ժամանակ էլ կքննարկվեն երկու կողմերին հուզող բոլոր հարցերը: Ահա այսպես պետք է միջնորդները բացատրվեն Ալիեւի հետ:

-Առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կրկին կհանդիպեն: Ինչի՞ մասին խոսել ու պայմանավորվել, եթե նախկին որեւէ պայմանավորվածություն Ադրբեջանը չի պահում:

– Անկեղծ ասած, ես այդ հանդիպման հավանականությունը շատ քիչ էի համարում: Թող սխալված լինեմ: Բացի այդ, կարծեմ անոնսավորվել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ»: Սա բոլորովին այլ ձեւաչափ է: Վերջապես, իրոք ինչի՞ շուրջ բանակցել: Հնարավոր բոլոր տարբերակները քննարկված են, Ադրբեջանը մերժում է խնդրի կարգավորման հայեցակարգը: Տրամաբանական է թվում միայն մի հեռանկար՝ միջնորդները կփորձեն Ալիեւին համոզել, որ ստեղծվի շփման գծում զինադադարի խախտման վերահսկողության մեխանիզմ: Թեեւ Ադրբեջանն արդեն մերժել է նաեւ այդ գաղափարը՝ հարցը հասցնելով աբսուրդի. ԱԳ նախարար Մամեդյարովն ասել է, որ «մեկ չէ, մի քանի մեխանիզմ կարելի է ստեղծել, նույնիսկ՝ տրիբունալ, բայց միայն հայկական զորքերի դուրսբերումից հետո»: Եթե դիվանագիտական այս «պորտֆելով» պիտի հանդիպման գնա Իլհամ Ալիեւը, ապա ի՞նչ սպասելիք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031