«Դեպի Եգիպտոս Ռուսաստանից կատարվող չվերթները սահմանափակելու որոշումը պայմանավորված չէ եգիպտական իշխանությունների նկատմամբ անվստահությամբ։ Սա քաղաքական որոշում չէ։ Այն կապված է մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հետ»,- իր ամենամյա ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նշել է, որ իրենք ՌԴ քաղաքացիներին ասում են, որ, ցավոք սրտի, իրավապահ մարմինները, անվտանգության աշխատակիցները չեն կարող ահաբեկչության վտանգների դեմ պայքարել. «Նրանց գործունեությունը վտանգ է եւ մեզ համար, եւ Եգիպտոսի համար։ Եգիպտոսի նախագահը զարմանալի տղամարդկություն է դրսեւորում ահաբեկչության դեմ պայքարում։ Բայց ժամանակ է պետք, որպեսզի լուծվեն այդ խնդիրները»։
Նա նաեւ ասաց, որ հենց մեխանիզմներ մշակեն, որպեսզի կարողանան պահպանել Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը, բոլոր սահմանափակումները կհանեն. «Հիմա այդպիսի աշխատանք է կատարվում մեր եգիպտացի գործընկերների հետ։ Դա նշանակում է, որ մենք այսօր ինքնաթիռի վայրէջքի, օդ բարձրանալու, իրերը տեղավորելու, սնվելու փուլերը պետք է վերահսկենք։ Մենք այս մարտահրավերներին պետք է ընդհանուր պատասխան գտնենք»։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ