Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատգամավորները տոննաներով ոսկի են ուզում. Ով ինչ Հայաստան է ուզում ԱԺ-ում

Դեկտեմբեր 17,2015 16:23

Կառավարությունը մտադիր է նոր վարկ վերցնել, այս անգամ՝ ԵՏՄ հակաճգնաժամային հիմնադրամից: Վարկի արժեքն է 300 մլն դոլար, որը տրամադրվում է 3 տարվա ընթացքում: Վարկի տոկոսադրույքը 2.1 տոկոս է, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամկետով:

Վարկային այս միջոցները բյուջետային աջակցությանն են ուղղվելու:

ԱԺ արտահերթ նստաշրջանում այդ հարցի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը վարկային համաձայնագիրը ներկայացնող Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց. «Մենք հերթական անգամ վարկ ենք բերում, եւ դուք էլ չեք հավատում, որ դա արդյունավետ է օգտագործվելու: Մենք ռիսկայինին ենք մոտեցնում մեր արտաքին պարտքը ու դա մեր երեխաներն են վճարելու: Ի՞նչն է խնդիրը, որ կառավարությանը չի հաջողվում այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ այդ վարկի օգտագործման հետ կապված ոչ մի կասկած չլինի: Թե չէ բերում եք ասում եք՝ սա դեֆիցիտի կարգավորման համար է, եղբա՛յր, արի դու էլ ասա, որ չեք հավատում, որ այդ վարկը արդյունավետ օգտագործվելու է: Եթե երաշխիք տաք, որ թափանցիկ է ամեն ինչ լինելու՝ երկու ձեռքով կողմ եմ, եթե չտաք՝ երկու ձեռքով դեմ եմ»:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ բյուջետային աջակցության վարկը որեւէ ծրագրին չի ուղղվելու, եթե կասկածի տակ է դրվում վարկի ծախսելը, կասկածի տակ պետք է լինի նաեւ բյուջետային մյուս բոլոր ծախսերը:

Ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, ժողովուրդը չի վստահում կառավարությանը, որովհետեւ տեսնում է, որ վարկերը մսխվում են, ընդ որում, մսխվում են խայտառակ կերպով՝ լոլոներ են կարդում այդ վարկերով, խորհրդատվությունների վրա են ծախսում. «Որեւէ վարկ հակապետական նպատակներով չի վերցվում, բոլորի նպատակներն էլ շատ ազնիվ են, բարի են, ժողովրդի շահերը սպասարկող են, բայց դրանց արդյունքում տեսնում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհ, որը քանի վարկ կուլ տվեց, ջրօգտագործման համար վերցված տասնյակ վարկեր, դրանց վերջը չի էլ երեւում»:

Վահե Էնֆիաջյանը հարցրեց՝ հաշվարկ արե՞լ եք, այս վարկը ի՞նչ բեռ է դառնալու մարելիս: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Դա շատ հեշտ է հաշվել, այս պահին թիվը չկա ձեռքիս տակ: Մոտ 90 մլն ԱՄՆ դոլար է բեռը՝ 20 տարվա ընթացքում: Խոսքը վերաբերում է ընդամենը 90 մլն դոլարի  մասին՝ 20 տարվա մեջ վճարելուն, որից 10 տարին միայն տոկոսն է»:

Երբ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մոտեցավ ամբիոնի մոտ՝ վարկի մասին ելույթ ունենալու, նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը կատակով զգուշացրեց. «Վարկի մասին կամ լավը, կա՛մ ոչինչ»: Հովհաննես Մարգարյանն էլ արձագանքեց. «Չգիտեմ, տիկին Նաղդալյան, ժողովրդական խոսք կա, ասում է՝ մարդ կա՝ տերտեր է սիրում, մարդ կա՝ երիցկին, նախապատվության հարց է»:

Հովհաննես Մարգարյանն ասաց. «Ես անկեղծ իմ մտահոգություններն եմ հայտնում, ես ցանկություն ունեմ, որ մի օր տեսնենք այն լուսավոր Հայաստանը, որտեղ չեմ ասում բացառենք վարկեր, այլ իրոք ունենանք այն Հայաստանը, որտեղ հիմնականում հույսներս կդնենք մեր միջոցների վրա: Թե չէ ամենահեշտ բանն է պարտք վերցնել ու ծախսել: Կուզենայի ունենայինք մի գանձարան, որտեղ կլիներ ոչ թե 0 գրամ ոսկու պաշար, այլ լիներ տոննաներով ոսկի, ոսկու հանքեր ունենք»:

Հերմինե Նաղդալյանը ծիծաղեց. «Պարոն Ջանջուղազյան, տոննաներով ոսկի են ուզում»:

Իսկ Վահան Բաբայանն ուղղեց. «Ես ոչ թե լուսավոր Հայաստան եմ ուզում տեսնել, այլ առաջին հերթին բարգավաճ Հայաստան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031