Բանդիտիզմի, տարադրամի փոխանակման կետերից առանձնապես խոշոր գումարների հափշտակման, սպանության գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դարձյալ չբերվեցին 9 ամբաստանյալներից կալանքի տակ գտնվող, դեկտեմբերի 3-ից դատարանից հեռացված ամբաստանյալները:
Դատարանը մի քանի որոշումներ կայացրեց, մասնավորապես նշելով, որ դատաքննության ընթացքում հարցաքննվել են 26 վկաներից 24-ը, 9 ամբաստանյալները, հետազոտվել են գործում առկա փորձագիտական եզրակացությունները եւ գործի հանգամանքներից ելնելով անհրաժեշտություն է ծագել առանձնացնել մայր գործից «Հայբիզնեսբանկից» առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու դրվագներով մեղադրվողների, մասնավորապես՝ Էդիտա Ամիրխանյանի, Գոհար Գաբրիելյանի, Մնացական Սարգսյանի, Մառլեն Մուրադյանի քրեական գործը՝ տալով առանձնացված մասին նոր քրեական գործի համար:
Ըստ էության, թե մայր գործով, թե առանձնացված նոր քրեական գործով միակ ամբաստանյալը, որը կլինի երկու գործերում, Ազգային անվտանգության նախկին աշխատակից Տիգրան Հովհաննիսյանն է:
Գալիք հինգշաբթի նշանակվեց մայր գործով դատաքննությունը եւ այս գործով ամբաստանյալներն են «Բանդայի» գործով որպես պարագլուխ մեղադրվող Ռաֆայել Հարոյանը, Հայկ Կոջոյանը, Կարեն Վարդանյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը: Դատարանը, ի դեպ, իր փաստարկներում նշեց, որ այս քայլին գնացել է՝ ելնելով այլ ամբաստանյալների՝ 2,5 տարի անազատության մեջ գտնվողների շահերից:
Ի դեպ, Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Սերոյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ առաջին իսկ դատական նիստի ժամանակ ինքը հանդես էր եկել մայր գործից առանձնացնել համակարգչային տեխնիկայի միջոցով բանկից խոշոր գումարների հափշտակման մասը, սակայն դատարանը մերժել էր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մանրամասները՝ վաղվա «Առավոտ» թերթում