Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր երեկոյան տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը, որով կեզրափակվի Կամերային երգչախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ից երգչախումբը համերգներով հանդես է եկել նաեւ արտասահմանում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Եզրափակիչ համերգի ծրագրում կհնչի նաեւ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»-ը (մենակատարներ՝ Էռա Հովսեփյան, Աշոտ Ղանթարջյան, դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան):
«Երեք հրաշալի նվագախմբեր են մեկտեղված: Միշտ ներգրավում եմ «Հովեր» երգչախմբին: Այսպիսի համերգներ նախկինում էլ ունեցել եմ, իսկ այսօրվանը պարզապես չէր կարող լինել առանց մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի»,-ասաց Մլքեյանը:
Ամփոփելով տարին՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը նշեց, որ երգչախումբը հոկտեմբերին ելույթ է ունեցել Հունաստանի լավագույն համերգասրահներից մեկում. «Երգչախումբը համերգ է տվել նաեւ մեքսիկական փառատոնի ընթացքում՝ տեղի նվագախմբի հետ համատեղ կատարելով Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը: Համերգներ են տեղի ունեցել նաեւ Արգենտինայում»:
Կարդացեք նաև
Ռոբերտ Մլքեյանն էլ առավելապես նշանակալի համարեց Մեխիկոյի միջազգային երաժշտական փառատոնը, որին համաշխարհային դեմքեր են մասնակցել. «Մի ամբողջ օր նվիրվեց մեզ եւ 100-ամյակին: Նման քայլ արվեց նաեւ Շվեյցարիայում: Դրսի երաժշտասերները ծանոթացան հայ երաժշտության նմուշներին, որոնք ներկայացրել ենք բոլոր այն երկրներում, որտեղ եղել ենք»:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ պատմեց, որ Մեքսիկայում Թուրքիայի դեսպանատունը փորձել է միջամտել, որպեսզի «Ռեքվիեմ»-ը չհնչի Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստում. «Հետագայում պարզվեց, որ Թուրքիայի դեսպանատունը ճնշել էր Մեքսիկայի իշխանություններին, որ «Ռեքվիեմ»-ը չհնչի փառատոնում եւ չներկայացվի որպես 100-ամյակին նվիրված համերգ, բայց անհնար էր հանրությանը չիրազեկել այդ մասին: Այնուամենայնիվ, դժվարությունը հաղթահարվեց եւ «Ռեքվիեմ»-ը հնչեց: Պարզվեց նաեւ, որ Թուրքիան առեւտրական կապերի մեջ է Մեքսիկայի հետ եւ դա օգտագործել է ճնշում գործադրելիս»:
Մաեստրոն տեղեկացրեց նաեւ, որ իր կոնցերտներից մեկը՝ «Ո՞ւր է Աբել եղբայրը», պատվիրել է գրել Քյոլնի նվագախումը. «Այդ գործը, ինչպես նաեւ «Ռեքվիեմը», հնչեցին Գերմանիայում: Հայտարարվեց, որ դրանք նվիրված են Ցեղասպանության զոհերի հիշատակին: Գերմանացիներն ընդգծում են դա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ