Եթե որեւէ արտառոց դեպք չլինի, ապա դեկտեմբերի 19-ին կկայանա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Թե ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այդ հանդիպումից, պարոն Քոչարյանն ասաց, որ ըստ իրեն, միակ ակնկալիքն այն է, որ կարողանան վերջապես Ադրբեջանին իրական դաշտ բերել. «Որովհետեւ այն, ինչ ինքն անում է, քայլերը հակասում են եւ միջազգային իրավունքին, եւ միջնորդների բոլոր հորդորներին, եւ ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկային: Այնպես որ, քիչ է մնացել, տեսնենք կհաջողվի՞ այդ հանդիպումով Բաքվի ղեկավարությանը բերել իրական դաշտ, թե՞ պետք է լրիվ այլ գործընթաց սկսվի»:
Սահմանային լարվածությունների այն հայտարարությունների մասին էլ, որ դրանք հասել են գագաթնակետին, Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանը դիվանագիտության ոլորտում էլ է սրում իրավիճակը. «Որովհետեւ տեղի են ունենում փաստացի խեղաթյուրում, թե՛ բանակցային գործընթացի, թե՛ միջազգային իրավունքի: Այսինքն՝ այն դիրքորոշումը, որը որդեգրել է Ադրբեջանը՝ լինի դա ուժային դաշտում, թե դիվանագիտական, լիովին իրար համապատասխանում է: Ավելին՝ ի սկզբանե ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքուն որդեգրել է ուժային քաղաքականություն՝ Սումգայիթով, ջարդով եւ այդպես շարունակ, եւ առ այսօր դրանից չի հրաժարվել: Քանի դեռ չի հրաժարվել դրանից, որեւէ առաջընթաց սպասել բանակցային գործընթացում՝ անհնարին է: Միջազգային հանրության մոտ գնալով պետք է հասունանա այն միտքը, որ ելքը միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է»:
Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները վերջին շրջանում վերջնագրի պես են հնչում, արդյոք բեկումնային իրադարձություն սպասվո՞ւմ է, պարոն Քոչարյանն ասաց. «Ինձ թվում է՝ դա սկիզբն է մի ուղղության, որն այն է, ինչ սովորաբար անում են միջնորդները, այսինքն` միշտ փորձում են հավասարության նշան դնել, բայց արդեն ակնհայտ է, որ կա փոփոխություն: Իհարկե, դա դեռ բավարար չէ, բայց, այնուամենայնիվ, այդ փոփոխությունը կա: Արդեն հայտարարություններում հստակ երեւում է հասցեատերը: Եթե Բաքուն վերջիվերջո իրական դաշտ չգա, դա ավելի է խորանալու»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ