Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկիրը գնալով դառնում է նալոգի, տուգանքի, փայի երկիր». բողոքում են պատգամավորները

Դեկտեմբեր 17,2015 14:55

ՕԵԿ խմբակցության պատգամավորներին վրդովվեցրել է «Ավտոմոբիլային ճանապարհների» մասին օրենքի նախագիծը, որն առաջարկում է կառավարությունը:

Նախ, խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին զարմացնում էր, թե այդ ի՞նչ հրատապ հարց է, որ արտահերթ ռեժիմով են բերել ու ուզում են անցկացնել, դեռ մի բան էլ նախագծում նշել են, թե սա պետք է կիրառել 10 օրից, այս տոնական խառը օրերին:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ իր ելույթում դժգոհեց. «Տպավորություն է, որ մեր երկիրը գնալով դառնում է նալոգի, տուգանքի, փայի երկիր: Լավ, ինչքա՞ն կարելի է: Ինչքա՞ն կարելի է արտահերթ ռեժիմով բերել եւ դժվարացնել առանց այն էլ ծանր կյանքը: Հիմա հլը փորձեք մեքենան իր գաբարիտից մի փոքր ավելի բեռ բարձի՝ միանգամից տուգանքը կգա՝ 10 հազար դրամից ոչ պակաս»:

Խմբակցության տեսակետը ներկայացնելիս էլ Հեղինե Բիշարյանն ասաց. «Բա ռազմական մեքենաներին ի՞նչ եք անելու, նրանց է՞լ եք տուգանելու: Մենք պատերազմող երկիր ենք, սառը պատերազմի մեջ ենք: Եթե մեր կամքից անկախ ինչ-որ ռազմական վիճակ լինի, հանկարծ կարիք լինի, որ այդ տանկերը հսկայական քանակի ապրանք պետք է տեղափոխեն, սկսելու եք տուգանե՞լ իրենց: Բաղրամյան պողոտայում ամիսներ շարունակ ռազմական, ոստիկանական մեքենաներ են կանգնած, չգիտեմ ումից ում են պաշտպանում, ո՞վ է դրանք կշռել, գիտե՞ք քաշն ինչքան է: Այսուհետ եթե մի միտինգ լինի, հլը միտինգի անունը չլսած՝ էդ մեքենաները բերեք շարեք Բաղրամյանում, կշռելու եւ տուգանելո՞ւ եք դրանք, ի՞նչ եք անելու, ջրցան մեքենաների տոննան գիտե՞ք»:

Նա հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, բայց ցանկալի է, որ կառավարությունը հետ վերցնի այս նախագիծը:

Փոխնախարար Արթուր Առաքելյանն իր ամփոփիչ ելույթում հակադարձեց պատգամավորների այն քննադատությանը, որ ճանապարհները պահպանելու համար տուգանում եք, բայց այդ նույն ճանապարհը վերանորոգելու համար ամեն 3 տարին մեկ գումար է ներդրվում: Ըստ Արթուր Առաքելյանի, դա անհնար է, եթե նման օրինակ բերեն, որ իրենց նորոգած ճանապարհը 3 տարի ժամկետ ունի, 3 տարի հետո նորից նորոգում են, պատրաստ է հրապարակային ներողություն խնդրել. «Մեր ներքին փոխադրողները թող բարի լինեն խախտում չանեն, չքանդեն ճանապարհները»:

Հեղինե Բիշարյանը օրինակ բերեց Վերահսկիչ պալատի բացահայտումներից, թե ինչ անորակ ճանապարհ էին կառուցել Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության ժամանակ:

Ինչ վերաբերում է ջրցաններին եւ ռազմական մեքենաներին, փոխնախարարն ասաց, որ դրանք համապատասխանում են ստանդարտներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031