Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի հայր. «Գնդապետն ամեն բան էլ իմացել է, բայց ազատության մեջ է»

Դեկտեմբեր 17,2015 14:35

Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանն իրենց հարազատների հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմին նամակ ներկայացնելու մասին այսօր որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Ոստիկանություն չեմ գնացել, ուղղակի մայրս էր նախագահի աշխատակազմին դիմում գրել, որ մեր հասցեին որդուս սպանության գործով առաջին դատական նիստի ժամանակ սպառնալիքներ են հնչել: Մասնավորապես ամբաստանյալների ծանոթների կողմից մեր հարազատներին հայհոյել են ու ասել, թե ձեր դեմքերը հիշում ենք, «հելնեք դուրս, տեսեք ինչ ենք անելու»: Մայրս դիմել է նախագահի աշխատակազմին, որպեսզի այս սպառնալիքները չկրկնվեն, այնտեղից էլ տեղեկացրել են, որ մեկ ամսից պատասխան կլինի»:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի գործում նոր դրվագներ են ի հայտ եկել. մասնավորապես պնդումներ կան, թե Հայկազ Բարսեղյանին ծեծի է ենթարկել Կարեն Բաղրամյանը: Այս առիթով Արկադի Բարսեղյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: Կարեն Բաղրամյանը Հայկազին ծեծի չի ենթարկել, այլ մեկ Հայկազն է հարվածել, մեկ Կարենը»:

Դառնալով ամբաստանյալ Գնել Թորոսյանի պաշտպան Արա Զաքարյանի այն պնդումներին, թե Հայկազ Բարսեղյանը մշտապես կռիվների մեջ է եղել, պարոն Բարսեղյանն ասաց. «Գործում որևէ նյութ չկա այն մասին, որ Հայկազը կռիվների մեջ է եղել: Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահից կես ժամ առաջ են այդ կապտուկները հասցվել Հայկազին, ոչ թե Կարեն Բաղրամյանի հասցվածներն են եղել»:

Արա Զաքարյանի այն պնդումներին, թե Հայկազ Բարսեղյանը ինքնասպանություն է գործել, սպանված կուրսանտի հայրն այսպես արձագանքեց. «Փաստաբանը հայտարարում է, որ դա սպանություն չէ, այլ ինքնասպանություն: Դա աբսուրդ է: Ամենավերջին մարդը պիտի լինես, որ նման հայտարարություն անես: Ինքը մեկին է պաշտպանում, որը կատարել է այդ սպանությունը՝ դանակի հարված հասցնելով Հայկազին»:

Պարոն Բարսեղյանը ևս մեկ անգամ նշեց, որ այդ օրը Հայկազին պտտաձողից կախված տեսած կուրսանտներն անգամ պնդում են այն մասին, որբ նրան կախել են, ոչ թե նա է ինքնասպանություն գործել:

Կրկին դառնալով Արա Զաքարյանին՝ սպանված կուրսանտի հայրն ասաց. «Էլի թող պաշտպանի, բայց թող ասի՝ դատարանը թող որոշի, ոչ թե կանգնի ասի ինքնասպան է եղել: Երակը կտրած այդքան տարածություն գնացել է առանց արյան հետքի, հետո կախվե՞լ: Նա վկաների ասածները համարում է նախաքննության ընթացքում ճնշում գործադրել, կարծում է, որ օրապահների վրա էլ են ճնշումներ գործադրել: Նրան պետք է, որ այս գործը ծածկադմփոց լիներ, ոչ թե ճշմարտությունը բացահայտվեր: Ոչ մի երաշխիք չկա, որ նույնը մյուս կուրսանտների հետ կատարվի, եթե նման կերպ շարունակվի»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ճի՞շտ է համարում այն, որ գործում ներգրավված չէ հրամանատարական կազմից որևէ ներկայացուցիչ, մինչդեռ կանոնադրային հարաբերությունների խախտում է տեղի ունեցել նաև, պարոն Բարսեղյանն այսպես պատասխանեց. «Զարմացած եմ, որ ոչ մի սպա ոչ ձերբակալվեց, ոչ պատասխանատվության ենթարկվեց: Գնդապետը մինչև հիմա ազատության մեջ է, մինչդեռ ինքը բոլոր արտոնությունները ստեղծել էր իր որդու համար: Նույնիսկ որդին ճաշարան չի գնացել, մեքենայով մտել դուրս է եկել, քաղաքացիական շորերով է եղել: Գնդապետն ամեն բան էլ իմացել է, որ թե այդ գիշեր ինչ է եղել: Համաձայն եմ, որ որպես հարազատ չի կարող ցուցմունք տալ, բայց գոնե արտոնյալ վիճակ իր որդու համար ստեղծելու, բարձիթողի վիճակի համար ձերբակալեին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031