33 միլիոն դրամ կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից՝ Սահմանադրության 100 հազար օրինակով տպագրելու համար: Այս մասին այսօր որոշվեց կառավարության նիստին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ տպագրված գրքույկները բաժանվելու են համայնքներին:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է անհրաժեշտ տպագրել Սահմանադրությունը, եթե այն, այսպես ասած՝ օնլյան տարբերակով կա: «Հիմա բավականին հետաքրքիր բաներ կան, մի փոքրիկ սարքում մի քանի հազար գիրք կարող ես պահել, բայց ես սիրում եմ գիրքը կարդալ: Մեր դատավորների աշխատասենյակներում էլ բոլոր օրենսգրքերը թղթային տարբերակով են: Հիշեցնեմ, որ դեռեւս 1995 թվականին 500 հազար օրինականով է տպվել՝ պետբյուջեի հաշվին»,-ասաց Թովմասյանը: 100 հազար քանակով տպագրված Սահմանադրությունը վաճառքի համար չէ:
Հարցին՝ հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքներն իր համար սպասելի՞ էին, Հրայր Թովմասյանն ասաց. «Չեմ մասնակցել այդ պրոցեսներին, չեմ էլ հետեւել այդ պրոցեսներին՝ օբյեկտիվ պատճառներով: Ես կարճ ժամանակահատվածում եղել եմ հիվանդանոցում՝ ծնողիս հետ կապված: Ուստի թույլ տվեք չպատասխանել այդ հարցին, որովհետեւ չունեմ տեղեկություններ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ