ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ընդդիմադիր ուժերն ու գործիչները խնդիր ունեն մինչև 2017 թվական քաղաքական դաշտում «կենդանի մնալու»: Դրանով է նա պայմանավորում խորհրդարանական լիագումար նիստերում ընդդիմադիրների ակտիվությունը`ոչ օրակարգային հարցերի շուրջ: Այդ մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Էդուարդ Շարմազանովն այս առումով առանձնացնում է իշխանությանը. «Իշխանությունը ստացել է վստահությունը և ժամանակ չունի PR-ով զբաղվել»:
Ամանորից հետո ԱԺ փոխխոսնակն «ավելի սուր» պայքար է կանխատեսում` ընդդիմադիր դաշտում սեփական տեղը պահպանելու կամ դերակատարումը մեծացնելու համար. «Մենք կտեսնենք, որ նոր կուսակցություններ են ձևավորվում, որոնք նոր որակ են ուզում հաղորդել, ես դա ողջունում եմ: Մենք մի բան հասկացանք, որ հանրությունը հոգնել է ռադիկալ, մարգինալացված, ատելության կոչերից, մենք անցել ենք այդ փուլը: Չի կարելի ամեն օր այս մինուս տասին տանել հրապարակ, տանել տուն, տանել հրապարակ երգեր երգել, հեքիաթ պատմել, ուղարկել, մարդիկ բան ու գործ ունեն, չէ՞: Մարդկանց պետք է տանես հրապարակ մեկ անգամ՝ երբ դու հաղթում ես, կամ պարտվում ես»: Այս իմաստով, ըստ Շարմազանովի, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում. «Հիմա ես գովամ, էդ խեղճ տղուն պիտի էլի բան ասեն, բայց Նիկոլ Փաշինյանը մի շատ ճիշտ բան է հասկացել իր գործընկերների հետ, այդ թվում նաև՝ Էդմոն Մարուքյանը, որ ընդդիմությունը պետք է լինի ինստիտուցիոնալ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ