Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք, թե ովքեր են շատ մեծ բեռներ տեղափոխողների շատ մեծ հովանավորները». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 17,2015 13:50

Հերթական անգամ տեղ ենք բացում հովանավորչության, ամենաթողության, որտե՞ղ է երաշխիքը, որ մեծ բեռներ տեղափոխողների բեռի իրական քաշը չի նվազեցվի:

Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունը պետտուրք է ուզում սահմանել ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով 40 տոննայից ավելի բեռներ տեղափոխելու համար:

ԱԺ արտահերթ նստաշրջանում շարունակվում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը:

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն ասաց, որ նախատեսում են հատուկ կշեռքներ տեղադրել ճանապարհներին, որոնք կկշռեն տեղափոխվող բեռների քաշը, իսկ այդ կշեռքներն արժեն 25-250 հազար դոլար:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին այդ ճեղքվածքը տարօրինակ թվաց՝ որտեղ 25 հազար դոլարը, որտեղ՝ 250 հազար դոլարը: Փոխնախարարը պատասխանեց, որ այդ 250 հազար դոլարանոցները ժապավեններն են, որոնք տասնյակ տարիներ են ծառայելու:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ «Շատ մեծ բեռներ տեղափոխողները Հայաստանում սովորաբար ունենում են շատ մեծ եւ բարձր հովանավորներ: Որտե՞ղ է երաշխիքը, որ մեծ բեռներ տեղափոխողների բեռի իրական քաշը չի նվազեցվի եւ նրանք կօգտվեն այն ճանապարհներից, որոնք իրենք նպատակահարմար կգտնեն: Մենք հերթական անգամ տեղ ենք բացում հովանավորչության, ամենաթողության, մենք գիտենք, թե ովքեր են շատ մեծ բեռներ տեղափոխողների շատ մեծ հովանավորները»:

Փոխնախարարը հասկացավ, թե ինչի մասին է խոսքը եւ պատասխանեց, որ սարք է տեղադրվելու, որն ավտոմատ գրանցելու է խախտումը, սարքը չի կարողանալու որոշել, թե ում է պատկանում այդ մեքենան:

Փոխնախարարն ասել էր, որ կշեռքների համար անհրաժեշտ գումարը բյուջեում չկա, պետք է փորձեն գրանտային միջոցներ գտնել:

Նաիրա Զոհրաբյանին այս նախագիծն այդ առումով հիշեցրեց աղքատի հայտնի անեկդոտը. «Կոճակը գտնում է, ասում է՝ մնաց վերարկուն գտնեմ: Եթե մենք նախագիծն ընդունենք եւ պարզվի, որ գրանտային միջոցները որեւէ տեղից չհայթայթվեց, ինքնանպատակ չի՞ լինի ասա ընդունելը, գիտե՞ք մոտավոր միջոցների տեղը»:

Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ սահմանային հսկողությամբ արդեն օրենքը դրական ազդեցություն կունենա, քանի որ սահմանային վերահսկողությունը եւ բեռների կշռումն արդեն կա: Իսկ մյուս դեպքերի համար բանակցում են Ասիական զարգացման բանկի հետ:

Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց, որ այս նախագիծը մի անգամ քննարկվել է եւ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումների համար մարդիկ այսպես թե այնպես արդեն պատժվում են, կամուրջների համար էլ կա բեռնափոխադրման ծավալ. «Հիմա ասում եք՝ էդ մի տոննայի համար նորից տուգանեք: Արդեն կա դա, հիմա պատկերացրեց Ճանշինների վիճակն ինչ է լինելու: Գյուղեր գնացեք, մարդիկ գյուղեր ջուր են տանում, որ իրենց այգիները ջրեն: Մի 25 տոննա տրակտորն է, մի 25-30 տոննա էլ ջրի ցիստեռն է վրան կապած: Հիմա սրանք ի՞նչ են անելու, ի՞նչ քաշքշուկի մեջ են ընկնելու: Ամբողջ Եվրոպայում եղել ենք, չե՞նք տեսել, այնտեղ 40 տոննայից ավելի չե՞ն թողնում, մի 15-20 շարք մեքենաներ են բարձած տանում: Ես նման սահմանափակում Եվրոպայում չեմ տեսել»:

Փոխնախարարը պատասխանեց, որ տրակտորին ընդհանրապես չպետք է թույլ տան ասֆալտով երթեւեկել, պետք է գտնեն հնարավորություն, որ ասֆալտի կողքով անցնի. «Եթե անվավոր տրակտոր չի, իրեն չի կարելի ընդհանրապես բարձրանալ ասֆալտբետոնե ծածկի վրա»: Արթուր Առաքելյանը վստահեցրեց, որ ամբողջ աշխարհում կիրառում են ծանր բեռների տեղափոխման այդ պետտուրքը. «ՌԴ-ում գործում է, Ռումինիայում, Հյուսիսային երկրներում Եվրոպական բոլոր տեղերում էլ նման սահմանափակումներ կան: Սա այնքան եզակի դեպքերում է լինելու, որ նախարարությունը կարող է 5 տարին մեկ նման հայտ չստանա»:

Հովհաննես Մարգարյանը կտրականապես մերժեց բացատրությունը. «Չեմ կարծում, որ եզակի դեպքերի համար պետք է օրենք ընդունենք: Այդ տրակտորները ճանապարհը պահպանելու համար բարձում են կցորդների վրա եւ տանում են: Հիմա այդ կցորդը միայն տեղափոխող մեքենայով քաշը 40 տոննայից ավելի են: Փաստերով կասեմ, որ Գերմանիայում ոնց են տեղափոխում»:

Փոխնախարարը պատասխանեց, որ եթե Բեռլինում կես տոննա եւ ավելի բարձած բեռով գնա մարդը՝ նրան կձերբակալեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031