Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետտուրք եւ հսկայական տուգանք՝ ծանր բեռ տեղափոխելու համար. կառավարության նոր նախագիծը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2015 13:22

Կառավարությունը պետտուրք է ուզում սահմանել ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով 40 տոննայից ավելի բեռներ տեղափոխելու համար: Այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում ասաց Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ ներկայացնելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Այսուհետեւ ավտոմոբիլային ճանապարհներով արգելվելու է ծանր բեռների տեղափոխումը, միայն բացառություն կկազմեն չմասնատվող բեռները եւ փոխադրվող տրանսպորտային միջոցները, որոնց համար հատուկ թույլտվություն է պետք: Հատուկ թույլտվության համար կգանձվի պետտուրք՝ 100 հազար դրամի չափով:

Սա անում են ճանապարհային ծածկը պահպանելու համար: Միջազգային ստանդարտներով, ճանապարհային ծածկը դիմանում է մինչեւ 44 տոննա ծանրությանը եւ եթե այս օրենքը ընդունեն, ըստ փոխնախարարի՝ մեր ճանապարհները կարող են երկար ժամանակ պահպանել:

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հարցրեց՝ մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանի ճանապարհները եվրոպական ճանապարհներին համապատասխան չեն: Գառնի-Գեղարդ, տուրիստական այցելությունների ճանապարհները շատ վատ վիճակում են գտնվում, Պարզ լճի ճանապարհը, ՀՀ-ում ինչքա՞ն բեռնատար մեքենաներ են մտնում ու ո՞նց եք կշռելու. «Ո՞նց եք պատկերացնում, որ բեռնատար է անցնում, պետավտոտեսչությունը կանգնեցնում է, ասում է՝ քոնը 41 տոննա է, այստեղ կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում դուք»:

Փոխնախարարը պատասխանեց, որ Պարզ լճի ճանապարհն ընդգրկված է ծրագրերում եւ հաջորդ տարի վերանորոգվելու է: Գառնու ճանապարհը բարդ սողանքային գոտում է գտնվում, բայց ծրագրեր կան եւ նախատեսվում է նաեւ այդ ճանապարհը նորոգել:

Ինչ վերաբերում է կոռուպցիան ռիսկերին Արթուր Առաքելյանը պատասխանեց. «Չեմ տեսնում կոռուպցիոն ռիսկ, որովհետեւ այսօր տեխնոլոգիան այնպես է զարգացել, որ կարող ենք առանց կանգնեցնելու կշռել, իսկ այն բեռնատարները, որոնք գալիս են դրսից, այդ ընթացակարգերն անցնում են մաքսային ձեւակերպման ժամանակ: Ավելի շատ ռիսկ եմ տեսնում ճանապարհային ծածկը վնասելու, եթե չլինի այս օրենքը, քան թե այն ռիսկը, որը դուք նշեցիք»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ դժգոհեց Կարմրաշենի եւ Հերհերի ճանապարհներից, որտեղ իր խոսքերով՝ մեքենաները ջարդվում են. «Տրանսպորտային տեսչությունը եթե խախտում արձանագրեց, ի՞նչ տուգանքներ կան»:

Փոխնախարարը պատասխանեց՝ սահմանված աշխատավարձի 200-ապատիկի չափով. «Մի կողմից կարող է թվալ, որ խիստ է պատիժը, բայց այս նորմը պետք է պահպանվի, որովհետեւ մենք ունենք ճանապարհներ դրա պատճառով, որոնք շատ վատ վիճակում են հայտնվել»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ հարցրեց, թե ճանապարհներին կշեռք տեղադրելն ի՞նչ ծախս է պահանջում: Փոխնախարարը պատասխանեց, որ դրանք բարակ, ճանապարհային ծածկի վրա չերեւացող փռվող ժապավեններ են, որոնք ստուգում են ամբողջ մեքենայի քաշը. «Դրանք արժեքը տատանվում է 25000-250 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում»: Այդ գումարները բյուջեում նախատեսված չեն, կառավարությունը փորձելու է դրամաշնորհային միջոցներ գտնել:

Ըստ Թեւան Պողոսյանի, մարդն արդեն բյուջեից վճարում է ճանապարհների սպասարկման համար, ինչո՞ւ պետք է այլ ճանապարհով գնա, իհարկե, եթե դա անվտանգության հետ չի կապված, օրինակ, կամուրջը կարող է չդիմանալ: Արթուր Առաքելյանը պատասխանեց. «Այդ պրոցեսը միտված է բացառապես բեռի անվտանգ տեղափոխման եւ ճանապարհային ծածկը չվնասելուն, դա ինքնանպատակ չէ: Երբ ուղղորդում են մարդուն, ասում են՝ այս կամուրջը նախատեսված է 42 տոննա բեռնվածքի համար, խնդրում ենք, այստեղից կթեքվես այս ճանապարհով: Եթե չափսերով մեծ է բեռը, ճանապարհային ոստիկանությունը համանման ծառայություն ունի, խնդրում ենք, որ ուղեկցի: Մարդը չի կարող ինքը ընտրել բեռների տեղափոխման ճանապարհը, որովհետեւ կարող է գնա, համ կամուրջը փլվի, համ էլ ինքը զոհվի»:

Փոխնախարարը նշեց, որ տարիներով կարող է չմասնատվող 40 տոննայից ավելի բեռ չլինի էլ, համատարած բնույթ դա չի կրելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031