Ցանկացած ընդդիմադիր ուժ, որն անընդհատ մասնակցում է քաղաքական գործընթացներին, բայց չի կարողանում իրավաբանորեն ֆիքսել իր հաղթանակը, կանգնում է երկընտրանքի առաջ՝ կամ փոխել ռազմավարությունը, կամ պարզապես վնաս տալ իշխանություններին ու «հարամել» նրանց հաղթանակը (օրինակ՝ անընդհատ միտինգներ անել, բողոքի ակցիաներ կազմակերպել, իշխանությունների դեմ ագրեսիվ քարոզչություն իրականացնել, դիմել միջազգային կառույցներին եւ այլն): Իշխանություններն, իհարկե, դրանից իրենց վատ են զգում, նեղվում են, նյարդայնանում, «ամոթից գետինը մտնում», բայց մեծ հաշվով՝ դրանից ոչինչ չի փոխվում։
Եվ ուշադրության դարձրեք՝ ժողովուրդն էլ է ճիշտ նույն կերպ վարվում. սահմանադրական փոփոխություններին «ոչ» է ասում ու գնամ տուն ոչ թե այն պատճառով, որ Սահմանադրության այս կամ այն տարբերակն է նախընտրում, այլ որպեսզի վնաս տա իշխանություններին եւ «հարամ անի» Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը։
Ու տեսեք՝ հիմա «մեծ ժողովրդականություն է վայելում» այն տեսակետը, թե բավական է ունենալ երկու հազար «պինդ մարդ» (ընտրական տեղամասերում ձայները պահելու համար), եւ հնարավոր կլինի հասնել հաղթանակի։ Բայց արդյոք այդպե՞ս է։ Իսկ գուցե երկու հազար «ահեղ մարդ» ունենալու փոխարեն պետք է ունենալ երկու հազար լուրջ մասնագետնե՞ր (տնտեսագետներ, իրավաբաններ, պետական կառավարման մասնագետներ, ադմինիստրատիվ աշխատանքի փորձ ունեցողներ եւ այլն), որոնք հնարավոր իշխանափոխությունից հետո պիտի ղեկավարեն երկիրը։
Վերջին հաշվով՝ լիակատար եւ ամբողջական իշխանափոխության համար առնվազն այդքան լուրջ մարդիկ են պետք, որովհետեւ մոտավորապես այդքան է պետական կառավարման ապարատը՝ նախարարներ, փոխնախարարներ, վարչությունների պետեր, մարզպետներ, փոխմարզպետներ եւ այլն։
Կարդացեք նաև
Հասկացա՞ք տարբերությունը։ Ժողովուրդը հասկանում է, որ լիարժեք իշխանափոխության դեպքում առնվազն երկու հազար պաշտոնյաներ պիտի փոխվեն, ընդ որում՝ պիտի փոխվեն լուրջ մասնագետներով, հետեւաբար՝ ժողովուրդը չի գնա քաղաքական այն ուժի հետեւից, որն, ասենք, 300 անդամ ունի։ Կգնա, կքվեարկի այդ ուժի օգտին, բայց՝ ընդամենը իշխանություններին վատության անելու համար։ Հետո կգնա տուն ու այլեւս «դոշ չի տա» իր ձայների համար։
Ուրիշ բան՝ եթե իմանա, որ իշխանափոխությունից հետո երկիրը ղեկավարելու է մեկ այլ լուրջ ուժ, որը բոլոր առանցքային պաշտոնների համար շատ ավելի լավ պատրաստված թեկնածուներ ունի (ոչ թե հեղափոխականներ, այլ մասնագետներ): Այ այդ դեպքում մարդիկ իրենք կգնան իրենց քվեները պաշտպանելու։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում