Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատազրկվածները՝ քրեական հեղինակությունների մասին. «Նախագահի դեմ գնանք, բայց գողի դեմ չենք գնա»

Դեկտեմբեր 17,2015 12:38

Քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրողների նկատմամբ վերահսկողություն են իրականացնում նաև քրեական հեղինակությունները:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը ՔԿՀ-ներում. 2015-ի ամփոփում» թեմայով քննարկմանը «Մեդիա կենտրոնում» փորձագետները խոսեցին ոլորտում գոյություն ունեցող խնդիրների մասին:

Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական, դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ ամենախոշոր առաջընթացը Արմավիրի քրեակատարողական հիմնարկի շահագործումն էր: Բայց շարունակվում են գոյություն ունեցող հիմնախնդիրները: Որպես հիմնական խնդիր՝ պարոն Սարգսյանն առանձնացրեց գերբնակեցման հարցը, բուժսպասարկման, ցմահ ազատազրկվածների խնդիրները:

Այս խնդիրը մանրամասնեց Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական, դիտորդական խմբի անդամ

Ռոբերտ Ռևազյանը. «Քսան տարի հետո ցմահ դատապարտյալը հնարավորություն է ունենում վաղաժամ ազատման: Մեզ մոտ մի շարք ցմահ ազատազրկվածներ կան, որոնք արդեն հատել են այդ սահմանը, բայց ազատ արձակման նախադեպ չունենք: Այս մեխանիզմը փաստացի չի գործում: Այնինչ քրեակատարողական հիմնարկի թիվ մեկ խնդիրը պետք է լինի ուղղիչ գործառույթ իրականացնելը»:

Նա լուրջ մտահոգություն հայտնեց նաև քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի արմատավորման մասին. «Որպես բնութագրում նշեմ այն, որ դատապարտյալները մեզ հետ զրույցում հաճախ հայտարարում են, թե կարող է ՀՀ նախագահի դեմ գնանք, բայց գողի դեմ մենք չենք գնա: Շատ դեպքերում դատապարտյալների հսկողությունն իրականացվում է նաև քրեական հեղինակությունների կողմից: Օրինակ՝ վերջերս դատապարտյալների հայտարարած հացադուլը ընդամենը երկու ժամ տևեց: Դրա պատճառն այն էր, որ քրեական հեղինակությունները դրսից ներազդել էին: Դեպք է եղել, երբ խցում անձը դժգոհել է հիվանդության վերաբերյալ, բայց երբ խուց են տեղափոխել քրեական հեղինակության, այդ անձը դադարեցրել է բողոքը: Սա վկայում է նրանց կողմից հսկողության մասին: ՔՀԿ աշխատակիցները չեն էլ ժխտում համագործակցության փաստը՝ հիմնավորելով, եթե իրենք չլինեն այստեղ բարդակ կլինի»:

Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական, դիտորդական խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը նկատեց, թե քրեական ենթամշակույթի, խտրական վերաբերմունքի արմատավորումը ժառանգել ենք ԽՍՀՄ-ից: Նա հավելեց. «Ամենասարսափելի վիճակում են թմրամիջոցներ օգտագործողները, նույնասեռականները և, իրենց լեզվով ասած, թռածները: Այդ դատապարտյալները մեկուսացվում են, նրանց համար ամենասև աշխատանքն է առանձնացված, իրավունք չունեն անգամ միևնույն ճաշարանից օգտվել»:

ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը բարձրացված խնդիրների վերաբերյալ պարզաբանեց, թե մի քանի ամսից գերբեռնվածության հարցը ՔՀԿ-ներում կլուծվի: Բուժսպասարկմանը վերաբերող խնդիրների առնչությամբ տեղեկացրեց, որ նոր բժշկական սարքեր ու դեղորայք են ձեռք բերել:

Դառնալով ցմահ ազատագրվածների խնդրին՝ պարոն Քոչինյանը շեշտեց. «Մինչև 2014-ը որևէ ցմահ ազատազրկվածի ռեժիմ չի փոխվել, իսկ միայն 2014-2015-ին փոխվել է 16 դատապարտյալի ռեժիմ՝ փակից անցում դեպի բաց ռեժիմի»:

Դառնալով քրեական մշակույթին՝ պարոն Քոչինյանը նշեց. «Չի կարելի պիտակավորել, այստեղ էլ հնչեցին գողականներ և այլ բառեր: Եթե մենք չպայքարենք դրա դեմ, ոչինչ չի ստացվի: Մենք իրականացնում ենք օպերատիվ հետախուզական և անվտանգության միջոցառումներ: Դրա շնորհիվ արդեն 2500 անգամ կիրառվել է պատժախուց պատիժը: Դա կիրառվում է նրանց նկատմամբ, որոնք չեն ուզում ենթարկվել ներքին կանոնադրությանը»:

ԱՆ Քրեակատարողական վարչության իրավական բաժնի պետ Միքայել Զախարյանը տեղեկացրեց պայմանական վաղաժամ արձակման հետ կապված մեխանիզմների իրագործման ժամկետների մասին. «Կարծում եմ՝ դա եկող տարվա ընթացքում կիրագործվի, քանի որ նախ պետք է օրենսդրությունը փոփոխվի»:

Հարց բարձրացվեց, թե ի՞նչ պետք է լինի Նուբարաշեն ՔՀԿ-ի ցմահ ազատազրկվածների հարցը, քանի որ նրանք հացադուլ են հայտարարել, իսկ հարազատները ցույցեր են անում, պարոն Քոչինյանը պարզաբանեց. «Այո, նրանք հացադուլ են անում: Բայց նրանց գործերի վերանայումը մեր իրավասության մեջ չի մտնում: Մեր կողմից մշակվել ու շրջանառության մեջ է դրվել քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելը, ըստ որի՝ ազատազրկման 10 տարին լրանալուց հետո կարճատև երկարատև տեսակցությունները առաջարկվում է կրկնապատկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031