Օրերս Ազգային ժողովում քննարկվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով կառավարությունն առաջարկում է սոցիալական վճարները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմնին թույլատրել գանձել այդ գումարը գործատուից՝ նախապես վերջինիս գույքի վրա արգելանք դնելով:
Չնայած օրենքի նախագիծն արժանացավ ընդդիմադիր պատգամավորների դժգոհությանն ու քննադատությանը, այնուհանդերձ քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ այն ընդունվեց եւ օրենքի ուժ ստացավ:
Կառավարության կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն առաջարկելու պատճառը կուտակային համակարգում չվճարված 260 մլն դրամի պարտավորությունն է, որը, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ, ոչ մի կերպ հնարավոր չի լինում գանձել: Իսկ քանի որ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը գանձելու որեւէ գործուն մեխանիզմ առայժմ գոյություն չունի, որով հարկային մարմինը կարողանա իրականացնել այդ գործընթացը, կառավարությունը նպատակահարմար է գտել այս կերպ ազդել պարտավորությունների մեջ թերացող գործատուների վրա:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ կարծիքով՝ կառավարությունը նման մեխանիզմի ներդրմամբ ոչ այնքան փորձում է կուտակված պարտքերը գանձել, որքան մեկ քայլ առաջ է կատարում, որպեսզի 2017թ., երբ համակարգը սկսի գործել բոլոր, այդ թվում՝ մասնավոր հատվածում աշխատող քաղաքացիների եւ գործատուների համար, ոչ ոք չհամարձակվի այն բոյկոտել ու հրաժարվել վճարումներից:
Կարդացեք նաև
Այս դեպքում պատասխանատվությունը դրվել է հատկապես գործատուների, այլ ոչ թե կենսաթոշակային համակարգում ընդգրկված աշխատողների վրա, որպեսզի անհատները աշխատանքը կորցնելու վախն աչքի առաջ ունենալով՝ չհամարձակվեն ընդվզել: Մինչդեռ այդ գումարները պատկանում են ոչ թե գործատուին, նրա ֆոնդին չեն ներդրվում, այլ աշխատողների սեփականությունն են, եւ աշխատողներն իրենք կարող են իրենց համար ներդրումներ կատարել ֆոնդերում:
Այսինքն՝ առկա է մի իրավիճակ, որտեղ գործատուն կամա-ակամա պարտավորվում է աշխատել կառավարության համար՝ իր ձեռքերը կապելու միջոցով: Յուրօրինակ գործիք է դառնում:
Գործատուները նույնպես, սեփական գույքը կորցնելու մտավախությունից, չեն համարձակվի դեմ գնալ համակարգին եւ ստիպված կլինեն հոժարակամ կատարել իրենց թելադրվող բոլոր պարտավորությունները: Այսպիսով կառավարությունը փորձում է ապահովագրել իրեն հետագա անհնազանդության դրսեւորումներից, որպեսզի հանկարծ իրենց ներդրած կենսաթոշակային համակարգը չձախողվի:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում