Զարուհի Փոստանջյանը, ինչպես հայտնի է, հանրաքվեից հետո այրեց Սերժ Սարգսյանի, Սահմանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խրտվիլակները։ Կապանցիներն իրենց հետ մարտադաշտ են տարել Զարուհի Փոստանջյանի խրտվիլակը՝ այրելու, միայն թե չի հաջողվել համարժեք պատասխան տալ, երկու ճակատների միջեւ ընդհարումը խառնել է բոլոր պլանները։ Կապանցիներին հունից հանել է Զարուհի Փոստանջյանի ելույթն այն մասին, որ Սյունիքը մարզպետ չունի, իսկ Հայաստանն էլ՝ նախագահ։
«Հիմնավոր կասկածներ ունենք, որ այս ամենը կազմակերպվել է Սուրիկ Խաչատրյանի կողմից, հաշվի առնելով քաղաքապետի գործոնը, ինչպես նաեւ այն, որ ոստիկանությունը մատնված էր հանցավոր անգործության»,- այցից հետո հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը։ Ըստ նրա՝ միջադեպի գլխավոր հրահրողները Կապանի քաղաքապետը եւ Սուրիկ Խաչատրյանի օգնականներից մեկն է։ «Ճիշտ է՝ իրենք անմիջականորեն ելույթի ժամանակ չեն բղավել, բայց պարզ երեւում էր, որ իրենց կողմից է սադրանք իրականացվում»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։
«Ես խրտվիլակ այրելու հանձնարարականներ չեմ տալիս»,- վրդովված փոխանցեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որի նախասիրությունները կենդանի մարդկանց հետ են կապված։
Ապա մարզպետը քիչ- քիչ բացվեց. «Թեթեւ տար, շատ մի հուզվի՝ իրան իրա պատասխանն են տվել»: Պատասխա՞ն էիք պատրաստել Սերժ Սարգսյանի խրտվիլակն այրելու համար։ «Դե տվել են, էլի, ի՞նչ իմանամ ով է պատասխան տվել։ Բայց ինքն իրա արժանի պատասխանն ավելի վատ ձեւով ստացավ՝ ժողովրդից, նրան քշեցին, թքել են վրեն»։ Դա ժողովո՞ւրդն էր, թե՝ Ձեր ուղարկած մարդիկ։ «Դե լավ, հաջողություն»,- կտրեց ընդդիմությանը պատերազմ հայտարարած մարզպետը:
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում