2016-ի հունվարին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում է կազմակերպելու: Կոնգրեսում կայանալիք քննարկմանը հրավիրված է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը:
«Հաջորդ շաբաթների ընթացքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ դռների հետեւում հարցեր պիտի տա ԵԱՀԿ-ի [ՄԽ] դեսպան Ուորլիքին», – ասում է Չուլջյանը:
Ավելի վաղ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Պետքարտուղարություն նամակ էր ուղղել Միացյալ Նահանգների ազդեցիկ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, որին միացել էր եւս 85 կոնգրեսական:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը կոնգրեսական Ռոյսին ուղղված նամակով աջակցություն է հայտնել զինադադարի պահպանման նոր միջոցներին:
Նշենք, որ ադրբեջանական կողմը պահանջում է շփման գծում նոր սարքավորումներ տեղադրելուց առաջ վերջնական համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Պաշտոնական Բաքվի կարծիքով, հայկական կողմը պետք է “ազատի գրավված տարածքները”:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում