Լեւոն Զուրաբյանը ՀՅԴ-ին առաջարկում է իր օգնությունը՝
դաշնակցականների ներքին հաղորդակցությունն ապահովելու համար
«Ես չգիտեմ՝ ինչ կյանքով է ապրում Աղվան Վարդանյանը՝ ռեալ, թե այլ կյանքով, բայց ես մի բան հասկանում եմ, որ նա կտրված է ոչ միայն ռեալ կյանքից, այլ նաեւ ինքն իր կառույցից»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքերով՝ «Դաշնակցության շատ կոնկրետ դիտորդ՝ Իվան Ալդհաջյանը, Այգեձորի տեղամասերից մեկում արձանագրել էր, թե ինչ կոպտագույն խախտումներ են եղել եւ ինչպես էր 700-ից ավելի ընտրողների ձայներ գողացվել: Դրանից հետո ՀՅԴ-ն, ի դեմս Արմեն Ռուստամյանի, ասում էր, որ որեւէ ահազանգ չունեն: Հիմա ես ուզում եմ Ռուստամյանին էլ, Աղվան Վարդանյանին էլ եւ մնացածներին էլ հարցնել՝ ձեր մոտ ներքին կուսակցական հաղորդակցության խնդիրնե՞ր են առաջացել: Եթե պետք է, մենք կարող ենք միջնորդել եւ այդ կապը ստեղծել, որ վերջապես Իվանի ահազանգը հասնի Դաշնակցության ղեկավարությանը, եւ նրանք իմանան, որ գոնե մեկ ահազանգ եղել է եւ իրենց կառույցներից: Թե՞ իրենք արդեն չեն հավատում իրենց կառույցներին»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱԺ ճեպազրույցի ժամանակ «ոչ»-ի նախաձեռնողներին քննադատել էր. «Թող նայեն, թե իրենք քանի տեղամասում են կարողացել ապահովել մասնակցությունը, ՀՅԴ-ն՝ քանիսում, թող նայեն, թե քանի ընտրատեղամասերում են հանձնաժողովի իրենց անդամների տեղերը ուրիշներին տվել, ՀՅԴ-ն՝ քանի ընտրատեղամասում է տվել: Բնականաբար, որեւէ մեկը չի հաստատելու: Չեմ ուզում անուններ տալ: Մենք ունենք մեր տեղեկատվությունը, կապ ենք ունեցել բոլոր մարզերի հետ: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ բողոքարկեցին 70 ընտրատեղամասի արդյունքները»:
Լեւոն Զուրաբյանն արձագանքեց քննադատությանը. «Դուք հասկացա՞ք, որ Աղվան Վարդանյանը հենց հիմա ընդունել է, որ հանրաքվեն կեղծվել է: Սա ամենակարեւոր փաստն է: Ինչ վերաբերում է հանձնաժողովի տեղերին՝ մենք մեր տեղերը ոչ մեկին չենք տվել: Մենք մի քանի տեղ չենք լրացրել, որն իրենք են լրացրել: Այդ տեղերի համար մենք պատասխանատու չենք, որովհետեւ դա իրենց կողմից նշանակված մարդիկ են»:
Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ հանրաքվեին մեր ժողովուրդը մի կարեւոր բան արեց՝ ցույց տվեց, որ պատրաստ է պայքարել. «Նա կռիվ է տվել, գնացել եւ զանգվածաբար «ոչ» է քվեարկել: Արդեն մենակ էն թիվը, որը պաշտոնապես հրապարակվեց որպես «ոչ»-ի ձայն, դա արդեն իսկ ապտակ է Սերժ Սարգսյանի ռեժիմին: Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե «ոչ»-ի պայքարը չլիներ: Կլիներ հնազանդված ժողովրդի կապիտուլյացիա»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ սա էլի բարոյական հաղթանակների շարքից է՝ Լեւոն Զուրաբյանը չհամաձայնեց. «Ինչի՞ է բարոյական հաղթանակ, նոր իրողություն է ձեւավորվել: Բարոյական հաղթանակն այն է, որ պարտվում ես, բայց համարում ես քո պարտքը քո խղճի առաջ կատարած: Սա ավելին է, քան բարոյական հաղթանակը, սա նոր իրողություն ձեւավորած հաղթանակ է: Սա ինչ-որ ֆունդամենտ է դրվել, որի վրա կարելի է կառուցել հաղթանակը: Եթե սա չարվեր՝ կարելի էր մոռանալ ՀՀ-ում փոփոխության մասին տասնյակ տարիներ: Հիմա դիմադրելով այդ ոհմակներին, ընտրակեղծարարներին՝ մեր հասարակությունը ապացուցեց, որ ինքը չի կորցրել պայքարելու կամքը, նաեւ ավելի անհանդուրժող է դարձել: Ասեմ՝ մյուս ընտրություններին սրանք ոչ մի շանս չեն ունենա»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ սմարթֆոնների, տարբեր սարքերի օգտագործումը հնարավորություն է ստեղծում տեսագրել, ձայնագրել եւ արագ փոխանցել այն հասարակությանը, իսկ դա կարեւոր նախապայման է՝ վերահսկելու ընտրությունները. «Մենք պետք է կարողանանք ուղիղ ինտերնետային հեռարձակում կազմակերպել բոլոր ընտրատեղամասերից: Այսօրվա տեխնիկական զարգացվածության պայմաններում դա հնարավոր է փոքր ծախսերով անել: Հաշվարկը ցույց է տալիս, որ դա հնարավոր է 20 հազար դոլարով անգամ անել: Ավելի հուսալի համակարգ ստեղծելու համար կարելի է ավելի մեծ ծախսեր անել, եւ հնարավոր է՝ մենք այդ նպատակն իրագործելու համար հիմնադրամ ստեղծենք»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12..2015
կարող է որ ձեր ըսածները որոշ չափով ճիշդ ըլլան, պարոն Զուրաբյան
սակայն Հ.Յ.Դ-ն այս վիճակին հասցնողը, հիմնականօրէն, քու կուսակցութեանդ նախնական տարբերակն է, այն զզվելի անձն է (=լիւնտիւնպէն)՝ զորս դու ծնկաչոք կ’երկրպագես, բառին աղանդային իմաստով
Հայաստանում առաջին անգամ – եւ ցարդ անհամեմատ չափանիշներով -բանտերը դուք լեցուցիք, զուտ քաղաքական պատճառներով ձերբակալուած անձերով, դաշնակներով, միաժամանակ բռնագրաւելով մինչեւ իսկ այդ կուսակցութեան նիւթական ինչքերը, եւ հիմա ժողովրդավարութեան եւ մարդկային իրաւունքները մեծն պաշտպաննե՞րն էք դարձել
ուղղակի զաւեշտ է սա