Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտեինք, որ այդպես է լինելու, իզուր չայրեցի այդ խրտվիլակները»

Դեկտեմբեր 17,2015 15:00

Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է,
որ դեկտեմբերի 6-ից հետո մենք այլ Հայաստան ունենք

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ վերջին քառօրյային քննադատեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որ երիտասարդներին կոչ է անում դասադուլ անել, անհնազանդության ալիք բարձրացնել. «Բոլորս շատ լավ հիշում ենք, որ դուք քաղաքական շարժումների թոհուբոհում թողեցիք ու գնացիք ԱՄՆ՝ սովորելու: Հիմա կոչ եք անում երիտասարդներին գնալ դասադուլների, հետո դուք գնում եք ձեր պուպուշ գործերով, էս մարդիկ սկսում են իրար արյուն թափել, մի՛ արեք՞»:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Ես արդեն սովորել, ավարտել եմ: Իսկ դասադուլը, եթե քո երկրում տեղի է ունենում այսպիսի խայտառակ գործընթաց, նաեւ յուրաքանչյուրիս պարտականությունն է թե՛ գործադուլը, թե՛ դասադուլը»:

Մեր հարցին՝ Դուք եւ «Նոր Հայաստանը» խոստացել էիք, որ դեկտեմբերի 6-ին մենք այլ Հայաստան ենք ունենալու, բայց այսօր դեկտեմբերի 16-ն է, եւ մենք այլ Հայաստան չունենք՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Ունենք: Գիտեք, այդպես չէ, որ չունենք: Դուք տեսաք, որ սա համապետական միջոցառում էր, որտեղ չկար լիդերների մրցակցություն, կար գաղափարի մրցակցություն: Մենք ուզո՞ւմ ենք լինել ազատ ՀՀ քաղաքացի, թե՞ ոչ: Գաղափարի մրցակցություն էր, որտեղ ասացին, որ մենք ուզում ենք լինել ազատ քաղաքացիներ, ասացին՝ «ոչ»:

Դիտարկմանը՝ Դուք ասում էիք, որ մենք քնելու եւ արթնանալու ենք այլ Հայաստանում, բայց այդպես չեղավ, նույն վիճակն է, նույն ընտրություններն են, նույն արդյունքները, նույն արտագաղթն է, նույն տնտեսությունն է, այսինքն՝ ոչինչ չփոխվեց, Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Իսկ դուք ինչ էիք կարծում՝ մեկ օրվա մեջ պետք է արտագաղթը դադարե՞ր: Այդպես չի լինում: Եթե դու ուզում ես զարգացում ապրել, այդ զարգացման համար պետք է պայքարես: Սա պայքարի մի հանգրվան է, որը մեծ ցուցանիշ է, որ ասվել է «ոչ» Սերժ Սարգսյանին: Այստեղ առաջնորդների մրցակցություն չէր, որ մեկին ասեին՝ «այո», մեկին՝ «ոչ»: Սա գաղափարական, ազատության տենչի մրցակցություն էր: Այս համատեքստում ես համարում եմ սա մեծ առաջընթաց»:

Հարցին՝ հերթական հիասթափությունը չապրե՞ց հասարակությունը, որ հանրաքվեի արդյունքները նորից նույնն են, Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Ո՛չ, ոչ մի հիասթափություն չապրեց: Ընդհակառակը՝ մենք գիտեինք, որ այդպես է լինելու: Ես իզուր չայրեցի այդ խրտվիլակները: Ես դրանց այրել եմ ժամը 5-ին, մենք գիտեինք պատկերն ինչ է լինելու: Այսպիսի խրտվիլակներ, որոնք կան մեր հասարակության մեջ, պետք է այրվեն բոլոր տեղերում»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031