Վիտամինների եւ հանքանյութերի անբավարարությունը (ՎՀԱ) կամ թաքնված սովը առավել լայն տարածում է գտել զարգացող երկրներում՝ դրանց անապահով բնակչության շրջանում: Այն խոցում է բոլոր տարիքային խմբերը, իսկ երեխաները եւ վերարտադրողական տարիքի կանայք ու հղիները գտնվում են բարձր ռիսկի խմբում: Որոշիչ գործոններն են՝ աղքատությունը, բազմազան սննդի անհասանելիությունը, գիտելիքների պակասը եւ վարակիչ հիվանդությունները:
Նույնիսկ չափավոր կամ կլինիկորեն ոչ ակնհայտ անբավարարությունը կարող է լուրջ վնասակար ազդեցություն ունենալ մարդու կենսագործունեության վրա: Որպես բազմաթիվ հիվանդությունների ռիսկի գործոն՝ ՎՀԱ-ն բարձրացնում է ընդհանուր հիվանդացության եւ մահացության ցուցանիշները: ՎՀԱ-ն արգելակում է սոցիալ-տնտեսական առաջընթացը՝ սահմանափակելով զարգացման հնարավորությունները՝ ի վնաս արդեն իսկ անապահով մարդկանց: Այն հեռահար ազդեցություն է թողնում առողջության, սովորելու կարողության եւ արտադրողականության վրա:
Երկաթի պակասը բերում է սակավարյունության: Երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց ու հղիների մոտ անեմիայի դեպքերի 50%-ը պայմանավորված է երկաթի դեֆիցիտով: Այն խաթարում է երեխաների ճանաչողական զարգացումը եւ իմունային համակարգը, արտահայտվում է նրանց բարձր հիվանդացությամբ: Հղիության ընթացքում երկաթի դեֆիցիտը արտահայտվում է մոր եւ նորածնի առողջության անբարենպաստ արդյունքներով (արյունահոսության եւ մայրական մահացության ռիսկեր, պտղի ցածր քաշ): Երկաթի պակասը նվազեցնում է մեծահասակների աշխատունակությունը:
B9 վիտամինի անբավարարության հետեւանքների թվին են պատկանում մեգալոբլաստիկ անեմիան, նյարդային խողովակի եւ այլ բնածին արատները (գայլի երախ, սրտի դեֆեկտ եւ այլն), հղիության անբարենպաստ ելքի, ճանաչողական ֆունկցիայի խաթարման եւ ընկճախտի զարգացման ռիսկերը: Այս վիտամինի անբավարարությունը ուղեկցվում է պլազմայում հոմոցիստեինի մակարդակի բարձրացմամբ: Առավել հաճախ հանդիպում են նյարդային խողովակի արատները` ողնուղեղային ճողվածքը եւ ուղեղի ջրգողությունը, որոնք առանձնանում են բարձր մահացությամբ եւ հաշմանդամությամբ` պատճառագիտական կապը ֆոլաթթվի անբավարարության հետ համարվում է ապացուցված բժշկագիտական փաստ:
Միկրոսննդատարրերը (բացառությամբ PP եւ D վիտամինների) օրգանիզմում այլ նյութերից չեն սինթեզվում, դրանց աղբյուրն ամենօրյա սնունդն է, եւ այդ պատճառով դրանք կոչվում են կենսականորեն անհրաժեշտ կամ անփոխարինելի նյութեր:
Ալյուրի հարստացման միջոցով սննդատարրերի անբավարարության հաղթահարումը կենտրոնանում է ամբողջ բնակչության առողջության վրա եւ նպատակ ունի կանխել հիվանդությունների առաջացումն ու դրսեւորումը: Սույն ռազմավարությունը չի հետապնդում հիվանդների բուժման նպատակ:
Կարդացեք նաև
Միկրոսննդատարրերի անբավարարությունը առավել լայն տարածում է գտնում այնտեղ, որտեղ սննդակարգը բազմազան չէ: Անապահով մարդիկ հույսը դնում են միապաղաղ սննդակարգի վրա՝ օգտագործելով հիմնականում հացամթերք, ընդեղեն եւ պալարապտուղներ: Միկրոսննդատարրերի քանակությունը սրանց մեջ քիչ է՝ սրանք ապահովում են միկրոսննդատարրերի օրական պահանջի փոքր մասնաբաժինը:
Միկրոսննդատարրերի անբավարարությանը նպաստում են նաեւ սննդամթերքի մշակման ժամանակակից տեխնոլոգիաները՝ մաքրազտումը, երկարատեւ պահպանումը, ջերմային մշակումն ու պահածոյացումը: Հացահատիկի աղացման ընթացքում, օրինակ՝ բարձր տեսակի ալյուրի ստացման ժամանակ կորչում է միկրոսննդատարրերի, հատկապես երկաթի եւ B խմբի վիտամինների 75-85%-ը: Ալյուրի հարստացումը օգնում է վերականգնել վիտամինների եւ հանքանյութերի բնականից առկա քանակությունը:
Այսօր մարդկանց սննդում վիտամինների եւ հանքանյութերի պահանջվող քանակության ապահովումը օբյեկտիվ պատճառներով դարձել է գրեթե անհնար: Աշխատանքի մեքենայացման ու ավտոմատացման, կենցաղային տեխնիկայի եւ տրանսպորտի զարգացման շնորհիվ բնակչության հիմնական զանգվածի շուրջօրյա էներգածախսն իջել է մինչեւ 2000-2500 կկալ, ինչը տասնամյակներ առաջ 1,5-2 անգամ ավելի էր: Սա իր հերթին բերել է սննդի՝ որպես էներգիայի աղբյուրի սահմանափակման, որի հետեւանքով պակասել է նաեւ սննդային օրաբաժնում եղած միկրոսննդատարրերի քանակը: Նույնիսկ իդեալական սննդակարգի կառուցման պարագայում 2500 կկալ հաշվարկով կազմված օրաբաժինը վիտամինների մեծ մասի ապահովման առումով մնում է դեֆիցիտային (20%-ով): Եթե մարդը փորձի համալրել միկրոտարրերի դեֆիցիտը միայն սննդի միջոցով, ապա դրանց անհրաժեշտ քանակները ստանալու համար նա ստիպված կլինի ուտել սննդամթերքի ահռելի քանակներ: Սա տանում է ավելորդ էներգիայի ընդունման, որի հետեւանքով զարգանում է քաշի ավելցուկ ու ճարպակալում: Ոչ ինֆեկցիոն հիվանդությունները Հայաստանում կազմում են բոլոր պատճառներից մահվան դեպքերի ավելի քան 80%-ը:
Արդյունաբերական եղանակով ալյուրի հարստացումը հանդիսանում է երկրագնդի բնակիչների զգալի մասի՝ ավելի քան 2 միլիարդ մարդկանց սննդում օրգանիզմի համար անհրաժեշտ դեֆիցիտային վիտամինների եւ հանքանյութերի ապահովման արդյունավետ, պարզ եւ էժան եղանակ: Ալյուրի, որպես լայն սպառման մթերքի, հարստացումը օգնում է բարելավել մարդու սնուցման կարգավիճակը եւ չի պահանջում անիրականանալի փոփոխություններ նախատեսել անհատական սննդակարգում: Արդեն 84 երկիր ունի առնվազն 1 հացահատիկի ալյուրի հարստացման օրենսդրություն, այդ թվում, բոլոր 84-ը` ցորենի ալյուրի, դրանցից 13-ը՝ նաեւ եգիպտացորենի արտադրանքի եւ 6-ը` բրնձի ալյուրի հարստացման օրենք: Այսպիսի օրենսդրություն ունեցող երկրները ցորենի ալյուրը հարստացնում են առնվազն երկաթով եւ ֆոլաթթվով: ԱՊՀ երկրներից ալյուրի հարստացման օրենսդրություն են ընդունել Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան: 84 երկրներից 15-ը պատկանում են բարձր եկամուտ ունեցող երկրների խմբին, 23-ը` բարձր միջին, 22-ը` ցածր միջին եւ 24-ը` ցածր եկամուտ ունեցող երկրների խմբին:
Արեւմտյան Եվրոպայի երկրներից շատերում կիրառվում են ՎՀԱ հաղթահարման ավելի ծախսատար մեթոդներ՝ միկրոսննդանյութերի լայն անհատական օգտագործում հաբերի, փոշիների եւ դեղապատիճների տեսքով: Սրան զուգահեռ կիրառվում են նաեւ առեւտրի հետաքրքրություններով ուղղորդված եւ սպառողների բարձր պահանջարկից բխող կամավոր հարստացման ծրագրեր: Այսպիսի փոխլրացնող ռազմավարությունների կիրառումը պայմանավորված է երկրներում բնակչության համեմատաբար բարձր եկամուտներով, բազմազան սննդամթերքի հասանելիությամբ, նվազ հիմնախնդրի առկայությամբ (անեմիայի տարածվածությունը չի գերազանցում 5%-ը), ինչպես նաեւ առողջության եւ սննդակարգերի հարցերում իրազեկության բարձր աստիճանով:
Վիտամինների եւ հանքանյութերի օգտագործման համաշխարհային փորձն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Երկաթի սուլֆատը կիրառվում է որպես սակավարյունության բուժման եւ կանխարգելման միջոց դեռեւս 1840-ական թվականներից, յոդը՝ 1920-ականներից: Բնականաբար, անվտանգության հարցերը մշտապես գտնվել են գիտնականների եւ առողջապահության մասնագետների ուշադրության կենտրոնում:
Սահմանվել են անվտանգության ստանդարտներ պրակտիկորեն բոլոր վիտամինների եւ միկրոտարրերի համար: Դրանք ընդունված են բոլոր երկրների կողմից, անկախ այն բանից՝ տվյալ երկրում կիրառվում են պարտադիր, կամավոր, նպատակային, թե առեւտրային նշանակության հարստացման ծրագրեր:
Բոլոր վիտամինները ստացվում են քիմիական սինթեզի միջոցով: Այդուհետ նրանք կառուցվածքով եւ հատկություններով բացարձակապես նույնական են իրենց բնական անալոգների հետ (էքստրակցիայի միջոցով երբեմն ստանում են E, C, D վիտամինները, կարոտինոիդները, միկրոբային սինթեզի միջոցով` B2, B12, բետա-կարոտինը): 2-3 խոշոր ֆիրմաների արտադրած հումքը այնուհետեւ օգտագործվում է բոլոր երկրների կողմից` համապատասխան սննդատարրերը ստանալու համար:
Վիտամինները եւ հանքանյութերը բոլոր բջիջների՝ բուսական թե կենդանական, այդ թվում սպերմատոզոիդների եւ ձվաբջիջների մաս են կազմում: Դրանց չափազանց մեծ դոզաները (հաբերի անվերահսկելի կլանումը) կարող են ունենալ անբարենպաստ հետեւանքներ, բայց դա որեւէ առնչություն չունի հարստացման հետ: Համաշխարհային պրակտիկայում հարստացման նպատակով օգտագործվող չափաքանակները գտնվում են մարդու ֆիզիոլոգիական պահանջների 15-50%-ի սահմաններում:
Սակավարյունությունը դիտարկվում է որպես հանրային առողջապահության հիմնախնդիր, երբ նրա տարածվածության ցուցանիշը գերազանցում է 5%-ը: Հայաստանում, ինչպես եւ զարգացող երկրների մեծ մասում, սակավարյունության տարածվածությունը զգալիորեն գերազանցում է 10%-ը: Այս պարագայում առավել լայն սպառման մթերքի, մասնավորապես՝ ցորենի ալյուրի զանգվածային հարստացումը համարվում է ամենաարդյունավետ ռազմավարությունը: Ցորենի ալյուրի հարստացումը պայմանավորված է այդ սննդամթերքի համընդհանուր հասանելիությամբ: Այն լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջացնում եւ համեմատաբար կարճ ժամանակահատվածում ապահովում է բնակչության առողջության ակնառու բարելավում: Սպառողին ընտրության հնարավորություն ընձեռելու համար երկրները ալյուրի տարբեր տեսակներից որեւէ մեկը բացառության կարգով չեն հարստացնում: Սակայն բնակչության մակարդակով առողջապահական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է հարստացնել ալյուրի առնվազն 80%-ը:
2000-2015 թվականների ժամանակահատվածում մեր երկրում շարունակվել են պահպանվել միկրոսննդատարրերի անբավարարության որոշիչ գործոնները՝ պարզունակ եւ միապաղաղ՝ հացազգիներով, ընդեղենով եւ պալարապտուղներով հագեցած սննդակարգերը:
Ցորենի ալյուրի հարստացման նպատակն է կրճատել որոշ վիտամինների եւ հանքանյութերի անբավարարության տարածվածությունը եւ բարելավել բնակչության առողջությունը, մասնավորապես՝ ապահովելով մարդկանց դեֆիցիտային միկրոսննդատարրերից երկուսի՝ երկաթի եւ ֆոլաթթվի այնպիսի քանակներով, որոնք անհրաժեշտ են լիարժեք սննդակարգերում՝ բնական մակարդակներով:
ՀՀ ԱՆ հանրային
առողջության բաժին
«Առավոտ» օրաթերթ
16.12..2015
Довольно экспериментов над людьми!
Никаких добавок нам не надо!