Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն այն սեպն է, որը խանգարում է թուրքական ազգային երազանքների իրագործմանը»

Դեկտեմբեր 17,2015 14:00

Ասում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը

Լարվածությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում պահպանվում է: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդարանում այս օրերին հաստատեց, որ այդ լարվածությունը հասել է գագաթնակետին, ինչը, ըստ Սեյրան Օհանյանի, Ադրբեջանի վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է եւ դեպի ապակայունացում է տանում: Լարվածության աճը, ըստ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի, անխուսափելի է` Ադրբեջանի եւ Թուրքիայի նման հարեւաններ ունենալու պարագայում: Ադրբեջանա-թուրքական տանդեմի ազգային, պետական գաղափարախոսությունը չի փոխվել, պնդում է քաղաքագիտության դոկտորը: Ադրբեջանի ավագ եղբոր կյանքում վերջին 100 տարվա մեջ թերեւս մեկ փոփոխություն է եղել՝ ձգտում է թուրքական խալիֆայության, կայսրության տեսությունը փոխարինել գերտերության ազդեցության տեսությամբ, ճիգեր գործադրելով վերականգնել 100 տարի առաջ կորցրած գերտերության կարգավիճակը` այդ ճանապարհին ապակայունացնելով հարեւան գրեթե բոլոր երկրները: Հայաստանը, ըստ քաղաքագետի, այն սեպն է, որը խանգարում է թուրքական ազգային երազանքների իրագործմանը: «Բոսֆորից մինչեւ Ալթայ ձգվող «Մեծ Թուրանի» երբեմնի երիտթուրքական ծրագիրն այսօր էլ կա, ավելի ողջ ու առողջ է, քան, օրինակ, 50 տարի առաջ: Եվ գաղափարախոսության առումով Հայոց ցեղասպանության նախօրյակի համեմատ այսօր ոչինչ չի փոխվել թուրքական-ադրբեջանական մենթալիտետներում: Այսօր տարածաշրջանը հրդեհի մեջ է, աննախադեպ հրդեհի, եւ այս պայմաններում, որ, ըստ էության, երրորդ համաշխարհային պատերազմն է՝ նոր դրսեւորմամբ, Հայաստանը չի կարող անհաղորդ մնալ, անկախ իր կամքից չներքաշվել ռազմական իրավիճակի մեջ»,- ասում է քաղաքագետը, ավելացնելով, որ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ սրման պարագայում Թուրքիան եւ Ադրբեջանը փորձելու են առավելագույն դիվիդենդ-շահաբաժնին հասնել, վնասելով նաեւ Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներին: Իսկ ամենահարմար թիրախներն, այս դեպքում, հայկական երկու պետություններն են:

Ադրբեջանն ամեն գնով փորձում է հակամարտությունն ակտիվ պահել, եւ, քաղաքագետի կանխատեսմամբ, այդ երկիրը կգնա ցանկացած քայլի, եթե տվյալ պահին հնարավորություն տեսնի հաջողության հասնելու: Այս պահին, ըստ նրա, լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծման գլխավոր խոչընդոտը Ռուսաստանն է՝ Հայաստանի մերձավոր դաշնակիցը: Ադրբեջանի այլընտրանքն այժմ Հայաստանին ուժեղ կսմիթներ հասցնելն է, որովհետեւ լայնամասշտաբ պատերազմի գնալ, այս պահին կնշանակի չափազանց ագրեսիվ քայլ` ընդդեմ Ռուսաստանի, իսկ դա, ըստ Մարտիրոսյանի, այն եզակի դեպքերից կլինի, որ Ռուսաստանը պարզապես ուղիղ կոնֆրոնտացիայի կգնա Ադրբեջանի հետ: Այդ երկրի քաղաքական, ռազմավարական գաղափարախոսությունում, ըստ քաղաքագետի, պարզապես «երկաթե գրերով» է հաստատագրված լարվածության մշտական պահպանումը, իսկ Ալիեւ-Սարգսյան յուրաքանչյուր հանդիպումը առիթ է` շանտաժի ձեռագրին դիմելու, հայկական կողմերի վրա բարոյական ճնշման փորձեր անելու: «Բարոյական ճնշումը պատերազմի ամենահզոր զենքերից մեկն է, այսինքն՝ բառացիորեն պետական մակարդակով ահաբեկչություն է կատարվում` Հայաստանի դեմ: Իսկ ընդհանրապես ահաբեկչության տրամաբանությունը հայտնի է՝ մարդկանց մեջ վախի սերմանումն ու բարոյալքումը, որոնք ռազմական հաղթանակին նախորդող պարտադիր պայմաններ են»,- վերլուծում է քաղաքագիտության դոկտորը, հավելելով, թե այս շրջանում Ռուսաստանը շատ դառը փորձառություն ունենալով` ջերմ սիրախաղերից հետո, այնուամենայնիվ, Թուրքիայից դավադիր հարված ստանալով, չի վտանգի Հայաստանին: Արձանագրելով փաստը, որ ադրբեջանական կողմը տանկ, ականանետ, ծանր սպառազինություն է գործի դրել, քաղաքագետը համարում է, որ լայնամասշտաբ գործողությունների առումով, կարճաժամկետ ապագայում, գոնե առաջիկա ամիսներին Ադրբեջանն իրեն ավելի զուսպ կդրսեւորի: Բայց թուրք-ադրբեջանական ուժերից, ըստ նրա, վտանգները միշտ են սպասելի, ընդհուպ մինչեւ այն, որ Թուրքիան չի վարանի նաեւ Հայաստանի սահմաններ ուղղորդել, օրինակ, իր տարածքում ահռելի ներկայություն հաստատած իսլամիստներին, ազգայնամոլներին: Նրանք թափանցել են Իրաքի` սուվերեն պետության տարածք, թուրքմեններին զինելով, ֆինանսավորելով, դարձրել են Սիրիայի տարածքում իրենց գործակալները, թվարկում է Մարտիրոսյանն ու հարցնում` ի՞նչն է խանգարում նրանց թիրախավորել նաեւ Հայաստանը: Եվ անկախ հանգամանքից, թե ինչով է առավելապես պայմանավորվում սահմանային վերջին լարվածությունը` ռուս-թուրքական ճգնաժամով, թե, օրինակ, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակով, Մարտիրոսյանի համոզմամբ, թշնամությունը Հայաստանի նկատմամբ այսօր առավել սուր է արտահայտված եւ չեն վարանելու առաջին իսկ հնարավորության դեպքում մեզ հարվածելու: Մենք պիտի ներսից ամրացնենք պետությունը, ռազմական համագործակցությունը ակտիվացնենք ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Միացյալ Նահանգների հետ, համակարգված համագործակցենք տարածաշրջանում խաղացող երկու կարեւորագույն բեւեռների հետ, համոզված է Մարտիրոսյանը: Պարզաբանում է, թե համաժամանակյա այդ համագործակցությունը հնարավոր է ու այս դեպքում բազմակողմ շահավետ, որովհետեւ հանրագումարում նպատակը մեկն է` ծայրահեղական սալաֆիզմի դեմ պայքարը: Ասպարեզում Իսլամական պետության մասին քննարկումներն են, չեն հիշատակում Ջաբադ Ալ Նուսրա, Ահրար ալ-Շամ ու բազում այլ զինված սալաֆիստական, վահաբիստական կազմակերպությունների մասին, որոնք վտանգավոր են բոլորի համար, ասում է քաղաքագիտության դոկտորը, ավելացնելով` չի կարող Հայաստանը հավերժական պատյանի մեջ մնալ, չենք կարող մեզ իներտ պահելով մեր անվտանգությունն ապահովել: «Դա մեծագույն խաբկանք է, չես կարող լինել հրդեհվող շենքում, հրդեհի ճիրանների մեջ ու քանի դեռ կրակի լեզուները քեզ չեն հասել, քեզ ապահով զգալ, մտածել, որ քո բնակարանը չի այրվի: Կրակը կհասնի քեզ անպայման»,- ասում է նա, պնդելով նաեւ, որ մեր զինված ուժերին էլ այսօր ռեֆորմ է անհրաժեշտ, պետք է բարեփոխենք զինծառայության համակարգը, ծառայությունը դարձնելով 3 տարի, նաեւ կանանց էլ բանակ զորակոչելով, այնպես, ինչպես Միացյալ Նահանգներում, Իսրայելում ու աշխարհի այլ երկրներում: Քաղաքագետը պնդում է նաեւ, թե անհրաժեշտ է օտարերկրյա լեգեոն ստեղծել, օտարերկրացիներին էլ թույլ տրվի ծառայել մեր բանակում` այնպես, ինչպես ֆրանսիական «Օտարերկրյա լեգեոնում» է արվում, որպեսզի ուժեղացնենք մեր բանակը, ավելացնենք մարդուժը` ցածր ծնելիության ու հսկայական արտագաղթի այս պայմաններում:

Տ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031