Հասմիկ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդ խմբի անդամ է:
Արդեն երեք տարի է՝ աշխատում է այս ոլորտում: Հաճախ է շփվում ցմահ ազատազրկվածների հետ, ծանոթ է նրանց խնդիրներին եւ պետական բացթողումներին:
Հարությունյանը փաստում է՝ ցմահ ազատազրկվածներին առնչվող խնդիրներն այսօր բավականին շատ են: Հիմնականը, սակայն, կապված է ցմահ ազատազրկվածների պատժի կրման ռեժիմը փոխելու, վաղաժամկետ ազատման, ինչպես նաեւ դատական սխալների հիման վրա գործերի վերանայման հետ: Այս օրենսդրությունը ինչպես պայմանական վաղաժամկետ ազատման, այնպես էլ ռեժիմի փոփոխության հնարավորություն է տալիս: Սակայն պրակտիկայում դա չի իրականացվում: Այսինքն՝ ցմահ ազատազրկվածները պատիժը կրում են անորոշության մեջ եւ զրկված են երբեւէ հասարակություն վերադառնալու հույսից. «Պետության, նաեւ հասարակության մեծ մասի մոտ կարծիք կա, որ ցմահ ազատազրկվածներն առավել մեծ վտանգավորություն ունեն հասարակության համար: Մինչդեռ վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ: Այդ իսկ պատճառով, ցմահ ազատազրկվածների ռեժիմի փոփոխության կամ վաղաժամկետ ազատման հարցը քննելիս պետք է առաջնորդվել՝ արդյոք հանցանքը կատարելիս նրան բնորոշող վտանգավորության գործոնը շարունակակա՞ն է, թե՞ ոչ»:
Հայաստանում պատժի խստությունը կախված է ոչ միայն պատժի ժամկետից, այլ նաեւ պատժի կրման պայմաններից: ՀՀ բանտերում, հատկապես «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատժի կրման պայմաններն առավել քան խնդրահարույց են: Հարությունյանն առանձնացնում է տրամադրվող սննդի հարցը, որը այնքան վատ է, որ ազատազրկվածները սնունդը ստանում են դրսից՝ հարազատների կողմից: Ցմահ ազատազրկվածների համար լուրջ խնդիր է աշխատանքի, կրթական ծրագրերի ու զբաղվածության բացակայությունը: Նրանց հիմնական զբաղմունքը հեռուստացույցն է, կարճ ժամանակով ամենօրյա զբոսանքն ու խաղերը՝ ներառյալ նաեւ գումարով խաղերը: Այս ամենին գումարվում են նաեւ բուժսպասարկման խնդիրները, քանի որ հիվանդ դատապարտյալները ոչ միշտ են դեղորայք ու բուժում ստանում:
«Հիմնական բացթողումը, որը պատիժ կրող անձի համար կործանարար հետեւանքներ է առաջացնում, պատժի պլանավորման բացակայությունն է: Պատժի պլանավորման հիմնական նպատակը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժին հարմարվելուն նպաստելն է՝ ռիսկերի ու կարիքների գնահատման, վարքի միջամտության ու ծրագրերի միջոցով: Ինչը հանգեցնում է նրան, որ կոնկրետ անձի նկատմամբ նշանակված պատժատեսակն ու հսկողության միջոցները ժամանակի ընթացքում փոփոխվում են` խստից անցում կատարելով հնարավորինս մեղմի: Վերջնական արդյունքը պետք է լինի այն, որ պատժի կրման վերջին փուլում դատապարտյալը պատիժը կրի նվազագույնս խիստ պայմաններում»,-ասում է Հասմիկ Հարությունյանը:
Ներկայում բացակայում են դատապարտյալների ուղղման աշխատանքները կոնկրետ ծրագրերի միջոցով, քանի որ ի սկզբանե անձի՝ բանտ մուտք գործելուց հետո պատժի կրման անհատական պլաններ չեն կազմվում: Սրանով է բացատրվում նաեւ այն, որ ցմահ ազատազրկվածների մեծ մասի մոտ առկա են էմոցիոնալ խանգարումներ եւ սոցիալական շփման դժվարություններ:
Կարդացեք նաև
Նա ցավով հայտնում է, որ դեռեւս չի գրանցվել դեպք, երբ ցմահ ազատազրկվածը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի, այդ առումով փաստում է՝ 0 արդյունավետություն: Պատժի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատման դեպքեր նույնպես չեն լինում, սակայն ծանր հիվանդությամբ տառապող ցմահ ազատազրկվածները շատ են: Թերեւս միակ դեպքը Սողոմոն Քոչարյանի ազատման հարցն էր:
Ինչ վերաբերում է ռեժիմի փոփոխությանը, ապա վերջին տարում թվով 8 ցմահ ազատազրկվածների պատժի կրման տեսակը փակից փոխվել է կիսափակի: Որը համարում է ողջունելի, սակայն՝ ոչ բավարար:
«Վերջին տարիներին անընդհատ տեղի են ունենում օրենսդրական փոփոխություններ, տարբեր հայեցակարգեր են մշակվում ու փոխվում, սակայն պրակտիկայում դրանք շոշափելի արդյունքների չեն հանգեցնում: Ներկա պահին էլ քրեական օրենսդրությունը փոփոխման ընթացքի մեջ է, թե ինչպիսի արդյունքների կհանգեցնի, կտեսնենք ապագայում: Ինչ փոփոխություն էլ լինի, կարեւորն այն է, որ դա թղթի վրա գրված չմնա, այլ արդյունավետ իրագործվի պրակտիկայում»,- Հասմիկ Հարությունյանը եզրափակում է զրույցը:
ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12..2015