Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հրաժարվել Գյումրիում երաժշտական դպրոց հիմնելու մտքից»

Դեկտեմբեր 17,2015 13:00

Հավաստիացնում է ռուսաստանաբնակ դաշնակահար,
կոմպոզիտոր Սոֆիա Միքայելյանը

Օրերս Սանկտ Պետերբուրգի Սմոլնիի տաճարում կայացավ ծնունդով գյումրեցի, ռուսաստանաբնակ կոմպոզիտոր Սոֆիա Միքայելյանի «Ի խորոց սրտի» սիմֆոնիկ կանտատի պրեմիերան՝ գրված Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 40-րդ գլխի հիման վրա: Ստեղծագործությունը ներկայացվեց տեղի ուժերով, մասնակցությամբ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի (ղեկավար՝ Միհրան Աղաջանյան), Կամերային երգչախմբի (ղեկավար՝ Նիկոլայ Կորնեւ), իգական «Quellen» երգչախմբի (ղեկավար՝ Ելենա Ժուկովա), իբրեւ մենակատարներ էլ հանդես եկան սոպրանո Աննա Մուրադյանը, տեքստը ընթերցեց Վահան Սարգսյանը: Դիրիժորական վահանակի մոտ էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Երեկոն անցկացվեց Եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակներում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերին:

sofya_miqaelyan-2

Կադր Սմոլնիի տաճարում կայացած համերգից:

Սոֆիա Միքայելյանը, որն արդեն տարուց ավելի ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սկզբնական շրջանում պայմանագրային հիմունքներով աշխատել է Տյումենի մարզի Սուրգուտի շրջանի Սիտոմինո գյուղի արվեստի դպրոցում, դասավանդել երաժշտական տեսական բոլոր առարկաները, ինչպես նաեւ ունեցել է դաշնամուրի դասարան, հանդես եկել նաեւ կոնցերտմայստեր: «Գյուղի դպրոցում հիմնեցի երգչախումբ՝ սեփական նախաձեռնությամբ: Երաժշտություն դասավանդեցի տեղի հանրակրթական դպրոցում, ինչպես նաեւ մանկապարտեզում: Այս ընթացքում ռուսաստանյան «21-րդ դարի կոմպոզիտոր» եւ «Միջազգային երգչախմբային լաբորատորիա՝ 21-րդ» մրցույթներում արժանացա դափնեկրի կոչման»,- նշեց մեր զրուցակիցը: Իսկ հետո ինչպես տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, մեր զրուցակիցն ասաց. «Միջազգային երգչախմբային լաբորատորիա՝ 21-րդ» մրցույթի մրցանակաբաշխությունը անցկացվում էր Սանկտ Պետերբուրգում, հենց այդտեղ էլ հրավիրվեցի որպես կոնցերտմայստեր՝ աշխատելու տեղի արհմիությունների հումանիտար համալսարանի խորեոգրաֆիայի ամբիոնում»:

sofya_miqaelyan

Սոֆիա Միքայելյանը եւ Ռուբեն Ասատրյանը:

Հետաքրքրությանը, թե ի՞նչն էր խանգարում երաժշտին աշխատելու հայաստանյան գյուղերում, եթե այդքան շատ սիրում է մանկավարժությունը, Սոֆիան փաստեց, որ ժամանակին աշխատել է Գավառի, Արմավիրի, ապա Երեւանի Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարաններում, Սայաթ-Նովայի անվան դպրոցում, 1990-ականներին կարճ ժամանակահատված դասավանդել է Մոսկվայի Դունաեւսկու անվան երաժշտական դպրոցում: Իր պրոֆեսոր Ռոբերտ Շուգարովի խորհրդով տեղափոխվել է Երեւան ու հանդիսացել նրա ասիստենտը: Հետո էլ դաշնակահարին վստահել են մասնագիտական դասարան, իսկ տարիներ անց ստացել է դոցենտի կոչում: «Իբրեւ գյումրեցի՝ նպատակս էր այնտեղ հիմնել սեփական երաժշտական դպրոց: Ցավում եմ, որ երկրաշարժը խափանեց այդ ծրագիրը, եւ ոչ միայն: Այսօր էլ չեմ հրաժարվել այդ մտքից ու կարծում եմ՝ մի օր երազանքս կիրականանա, եթե ոչ հիմնել դպրոց, գոնե օգտակար լինել գյումրեցի մանուկներին»,- հայտնեց երաժիշտը:

Մեր զրուցակցին հիշեցրինք, որ 2014թ. Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ «Հովեր» երգչախումբն առաջին անգամ Երեւանում հնչեցրեց իր «Հայր մերը»: Հարցին, թե Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո ինչպե՞ս է ընթանում Սոֆիա Միքայելյան կոմպոզիտորի ստեղծագործական ուղին, նա ժպտալով նշեց, թե մրցանակների «մասով» կարծես թե պակասություն չունի, հետո էլ ասածը հիմնավորելով պատասխանեց. «Իբրեւ կոմպոզիտոր՝ արդեն վերջին մրցանակս 5-րդն է: Ստեղծագործություններս հնչում են ոչ միայն Սանկտ Պետերբուրգում, նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներում, հաճախ իրենք կատարողներն են ինձ անակնկալ մատուցում: Օրինակ, ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանը վերջերս Իտալիայում կայացած համերգին հնչեցրել է իմ որոշ ստեղծագործություններ: Իմիջիայլոց, գործերս կատարում են նաեւ միջազգային մրցույթներում, օրինակ՝ «Իմպրովիզացիա եւ պար» կոնտրաբասկլարնետի համար գրված ստեղծագործությունս, որ գրել էի իտալացի երաժիշտ Մարկո Կոլոննայի պատվերով, միջազգային մրցույթում հատուկ ուշադրության է արժանացել…»:

Անդրադառնալով Սմոլնիի տաճարում կայացած համերգին, մեր զրուցակիցը շեշտեց, թե այդ ստեղծագործությունը 2005թ. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտելիս իր դիպլոմային աշխատանքն է եղել (ղեկավար՝ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւ): «Առանձնահատուկ ուզում եմ նշել հրավիրյալ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի իսկապես բարձրարվեստ ղեկավարումը ոչ միայն իմ երկի, այլեւ Տերտերյան 6-րդ սիմֆոնիայի: Հուզված էի, բայց հետո արդեն մտաբերեցի համերգին ներկա Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսների բարձր գնահատականը, ինչպես նաեւ ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների հիացական խոսքերը: Երեկոն արձագանք գտավ ԶԼՄ-ներում եւ տարբեր TV ընկերություններում: Տարեսկզբից Սանկտ Պետերբուրգում անցկացվող Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների կայացմանը մեծ դերակատարում ունի նաեւ հայկական համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը»,- ասաց Սոֆիա Միքայելյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել