Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կդառնա 2015 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ

Դեկտեմբեր 17,2015 12:00

Կայացավ Հայաստանի մարզական լրագրողների
ֆեդերացիայի (ՀՄԼՖ) գործկոմի նիստը

Օրակարգի հարցերն էին՝

ա). մրցաշրջան 2015-ի ընթացքում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, Համաշխարհային ուսանողական խաղերում նվաճած մեդալներով, ինչպես նաեւ համաշխարհային սպորտում Հայաստանի մարզական հեղինակությունը բարձր պահած մարզիկներին լավագույն տասնյակի հավակնորդների եւ լավագույն թիմերի ցուցակի հաստատում:

բ). քվեարկության պայմաններն ու կարգը:

Գործկոմը քվեարկությամբ հաստատեց լավագույն 10-նյակի հավակնորդ մարզիկների ցուցակը, որի հիման վրա մարզական լրագրողները պետք է լրացնեն դասակարգման իրենց տարբերակը: Քվեարկության ավարտից հետո Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան կհաշվարկի ըստ տեղերի հաջորդականության սահմանված միավորների հանրագումարը, որի ամփոփման արդյունքում հայտնի կդառնա 2015 թվականի Հայաստանի լավագույն մարզիկի անունը: ՀՄԼՖ-ն հարկ է համարում մարզաշխարհի ներկայացուցիչներին եւ մարզասեր հասարակությանը տեղեկացնել, որ ըստ էության այս քվեարկությունով որոշվում է Հայաստանի լավագույն մարզիկը, իսկ 10-նյակում ընդգրկված մյուս մարզիկների դասավորվածության հերթականությունը ոչ մի մարզիկի ու մարզաձեւի հեղինակության խնդիր չէ:

ՀՄԼՖ գործկոմը որոշեց, որ քվեարկության գործընթացը սկսվում է այսօր՝ 2015 թվականի դեկտեմբերի 16-ին եւ ավարտվում դեկտեմբերի 21-ին (ներառյալ):

Հայաստանի 10 լավագույն մարզիկների վերջնական ցուցակը ամենայն մանրամասնությամբ կհրապարակվի մինչեւ դեկտեմբերի 26-ը՝ «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթում:

ՀՄԼՖ գործկոմը որոշեց, որ անաչառությունը ու գնահատման արդարացի չափանիշներն ապահովելու նպատակով քվեարկությանը մասնակցել կարող են առնվազն յոթ տարվա մարզական լրագրողի աշխատանքային ստաժ ունեցող լրագրողները:

2015 թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների թեկնածուների ցուցակ:

Թաեքվոնդո

Արման Երեմյան- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ:

Սպորտային մարմնամարզություն
Հարություն Մերդինյան-Աշխարհի գավաթի խաղարկություն, ոսկե մեդալ՝ նժույգաթափ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ՝ նժույգաթափ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալ՝ նժույգաթափ, օլիմպիական վարկանիշ:

Արթուր Դավթյան- Աշխարհի գավաթի խաղարկություն, ոսկե մեդալ՝ հենացատկ, բրոնզ՝ նժույգաթափ, Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ՝ բազմամարտ:
Արթուր Թովմասկյան- Աշխարհի գավաթի խաղարկություն, արծաթ՝ օղակներ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն՝ օղակներ:

Սամբո

Տիգրան Կիրակոսյան- Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալ:
Մաքսիմ Մանուկյան- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:

Ծանրամարտ

Սմբատ Մարգարյան- Եվրոպայի առաջնություն, երկամարտի արծաթե մեդալակիր՝ «հրում» վարժությունում՝ արծաթ, Եվրոպայի երիտասարդական առաջնությունում՝ արծաթ:
Տիգրան Մարտիրոսյան- Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտում, հրում վարժությունում՝ ոսկի:
Անդրանիկ Կարապետյան- Եվրոպայի առաջնություն, երկամարտի բրոնզ, պոկումում՝ ոսկի, երիտասարդների աշխարհի չեմպիոն, աշխարհի մեծահասակների առաջնություն՝ 4-րդ տեղ:

Հունահռոմեական ըմբշամարտ

Միհրան Հարությունյան- Բաքվում կայացած Եվրոպական մարզական 1-ին խաղեր՝ արծաթե մեդալ:
Արթուր Ալեքսանյան- Աշխարհի չեմպիոն:

Շախմատ

Լեւոն Արոնյան- Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալակիր, Միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր:

Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյան- Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար ֆուտբոլիստ:

Բռնցքամարտ
Արամ Ավագյան-Եվրոպայի առաջնություն, բրոնզ:

Լավագույն թիմ

Շախմատ

Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքական- աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել