Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորն իրեն ինքնաբացարկ է ընդունել

Դեկտեմբեր 16,2015 23:30

Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել եւ Աչաջուր գյուղում գտնվող իր տանն ապօրինի պահել է որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող, 5.45 մմ տրամաչափի «Սայգա ՄԿ» տեսակի կարաբին եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 11 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտներ: Ա. Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ: Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանը հայտնել է, որ Ա. Մելիքբեկյանի տանը հայտնաբերված որսորդական զենքն օրինական է, այն պատկանում է Արթուրի ընկերոջը:

Արթուր Մելիքբեկյանի քրեական գործով դատավարության դեկտեմբերի 8-ի նիստում Ա. Մելիքբեկյանի պաշտպան Ա. Լալայանը դատավոր Ռ. Մելքոնյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմնավորմամբ, որ դատարանը մերժելով ցուցմունք տալուն նախապատրաստվելու համար Արթուր Մելիքբեկյանին ժամանակ տրամադրելու միջնորդությունը, հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքը, վկա Սմբատ Ղալթախչյանին առերես հարցաքննելու ամբաստանյալի պնդմանն ի պատասխան դատարանը ներկայացրել է Ս. Ղալթախչյանի նախաքննական ցուցմունքը, համարելով, որ նրան առերես հարցաքննելու կարիքը չկա, դատարանը մերժել է նաեւ Հովհաննես Ղալթախչյանին որպես վկա հրավիրելու եւ հարցաքննելու միջնորդությունը, դատարանը նաեւ հրաժարվել է հետազոտել մեկ այլ քրեական գործից պաշտպանական կողմի ներկայացրած ցուցմունքի պատճենը:

Դատավոր Ռ. Մելքոնյանը համարելով, որ Ա. Մելիքբեկյանի պաշտպանի միջնորդության մեջ տեղ գտած փաստարկները սուբյեկտիվ են ու բացարձակ անհիմն,այնուամենայնիվ, որոշել է բավարարել ինքնաբացարկի միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ Ա. Մելիքբեկյանի եւ նրա պաշտպանի անվստահությունն իր հանդեպ որոշակի կաշկանդվածություն են ստեղծում: Քրեական գործը վերադարձվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին՝ նույն դատարանի մեկ այլ դատավորի հանձնելու համար: Սույն դատավարությունը շարունակվում է Բերդ քաղաքում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031