Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ երազումս տեսնում եմ, որ ամուսինս չի զոհվել»

Դեկտեմբեր 16,2015 23:07

Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակչուհի Անահիտ Մարկոսյանն ամուսնուն՝ Հրաչ Մակարյանին, վերջին անգամ 23 տարի առաջ է տեսել: 1992-ին նա անհետ կորել է Լաչինում:

«Հավատում եմ, որ ամուսինս ողջ է. միշտ երազումս տեսնում եմ, որ չի զոհվել»,- ասում է տիկին Անահիտը:

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում գոբելեն աշխատանքների ցուցադրություն էր կազմակերպել: Ներկայացված էին 40 աշխատանքներ՝ պատրաստված Արարատի մարզի Վեդի քաղաքի անհետ կորածների ընտանիքի անդամների ձեռքով։

Անահիտ Մարկոսյանը, օրինակ, յոթ աշխատանք էր ներկայացրել, այդ թվում նաև ամուսնու նկարը:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դա իր համար շատ ծանր աշխատանք է եղել. «Դեմքին շոր էի գցել, մինչև գործելով կհասնեի դեմքին… Այդքան ժամանակ է անցել, բայց… Սա իմ գործած երկրորդ նկարն է, առաջինին չէի կարողանում նայել. զինվորական համազգեստով էր»:

Նույն գյուղի բնակչուհի Կարինե Թովմասյանը նույնպես ամուսնուն վերջին անգամ 23 տարի առաջ է տեսել: Ավետիք Թովմասյանն էլ է 1992-ին անհետ կորել Լաչինում: Ամուսնուց լսած վերջին նախադասությունն անընդհատ տիկին Կարինեի մտքում է. «Ասաց՝ լավ կնայես տղաներիս»:

1-(1) 2 3-(1) 5 2015-12-16-12.33 2015-12-16-12.34 2015-12-16-12.35 2015-12-16-12.342

Կարինե Թովմասյանն էլ է այլ աշխատանքների հետ միասին ցուցահանդեսում ներկայացրել նաև ամուսնու նկարը. «Սկզբում չէի ուզում անել, որովհետև մտածում էի՝ դնում ես ամուսնուդ նկարն ասեղով ծակելով գործում ես: Շատ վատ զգացողություն էր: Հետո հասկացա, որ դա կապ չունի նկարի հետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ցուցահանդեսում իրենց գոբելեն աշխատանքները ներկայացրած կանանց դրանք պատրաստել սովորեցրել են դիզայներ Հասմիկ Ղուկասյանը և նրա ամուսինը՝ նկարիչ Արման Մալխասյանը:

«Աշխատել սկսել ենք մայիսից: Նախատեսված էր դասընթաց անցկացնել երեք ամսով, բայց այնքան մեծ էր ոգևորությունը, որ շարունակվեց ևս երեք ամիս: Առաջարկեցինք, որ ամեն կին իր ամուսնու նկարը գործի: Սկզբում մտածում էինք, որ դա ցավ կպատճառի նրանց: Շատ դժվար է դեմքը գործելը, բայց ինը կանանցից վեցը համաձայնեցին: Տեսնել էր պետք, թե ինչպիսի ուշադրությամբ ու խնամքով էին գործում, որ հանկարծ որևէ թերություն չլինի: Եղել է, որ մի քանի անգամ քանդել ենք, նորից ենք գործել, միայն թե դեմքի արտահայտությունը ճիշտ ստանայինք: Նրանք հպարտությամբ են նայում հատկապես այդ աշխատանքներին, ասում են՝ հետո մեր թոռներն ասելու են՝ պապիկից հուշ է մնացել, տատիկն է գործել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Ղուկասյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031