Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինֆորմացիոն ռումբ են նետել հայ հասարակության մեջ». քաղաքագետը՝ Անդրեյ Ռուզինսկու Ավետիսյանների սպանդին մասնակցելու մասին

Դեկտեմբեր 16,2015 21:00

Այսօր ուկրաինական կայքերը ուշագրավ մի տեղեկություն էին տարածել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի նախկին հրամանատար Անդրեյ Ռուզինսկու մասին առ այն, որ վերջինս անմիջական մասնակցություն ունի Գյումրիում «իր զորամասի զինծառայողի կողմից հայկական ընտանիքի գնդակահարությանը»:

Այս տեղեկությունը, ըստ ուկրաինական կայքերի, պարզել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: Ըստ այդ բացահայտման, Լուգանսկում խոշոր խմբավորումներից մեկի հրամանատարը, որը հանդես է գալիս Նեֆյոդով անունով, Գյումրու 102-րդ ռազմաբազայի նախկին հրամանատար, ՌԴ Զինված ուժերի գնդապետ Անդրեյ Ռուզինսկին է:

Aravot.am-ի խնդրանքով, պարզաբանելով Վալերի Պերմյակովի դատավարությունից երկու օր առաջ նման տեղեկության հրապարակումը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց. «Ուկրաինական news.liga.net կայքն այս տեղեկությունը տպագրում է Վալերի Պերմյակովի դատավարությունից երկու օր առաջ, գիտենք, որ դեկտեմբերի 18-ին սկսվում է դատավարությունը, իսկ սա արդեն իսկ շատ կասկածելի է: Երկրորդ՝ նրանք ընդամենը ֆիքսում են, որ Անդրեյ Ռուզինսկին, որը մինչեւ անցած տարվա հունվար ամիսը եղել է Գյումրու 102-րդ ռազմաբազայի հրամանատարը, կեղծանվամբ մարտնչում է Դոնբասի տարածաշրջանում ուկրաինական զորքերի դեմ: Կոնկրետ որեւէ փաստ, որ Ռուզինսկին ինչ-որ տեղ մասնակցություն է ունեցել Ավետիսյանների ընտանիքի սպանդին, չկա: Ընդամենը ինֆորմացիա է, ընդամենը խայծ են գցել՝ փորձ կատարելով բավական աղմուկ բարձրացնել հայ հուզված հասարակության մեջ, առավել եւս հիմա էլ պարզվեց, որ դատավարությունը կազմակերպվել է 102-րդ ռազմաբազայի տարածքում, որը վիրավորական է հայկական կողմի համար: Այսինքն` ռուսները մինչեւ վերջ չեն վստահում, որ հայկական կողմը կարող է ապահովել ճիվաղ Պերմյակովի անվտանգությունը: Սա է ամենատարօրինակը: Ես այս տեղեկությանը շատ չեմ հավատում, որովհետեւ կայքը, նրա սեփականատերերը սերտ կապեր ունեն Ուկրաինայի ներկայիս գործող քաղաքական վերնախավի հետ, ինքնըստինքյան նրանք պետք է պատվեր կատարեին:

Արժանահավատ չէ տեղեկությունն առաջին հերթին այն պատճառով, որ ներկայացնում է մի երկիր, որը թշնամաբար է վերաբերում Ռուսաստանին: Եւ երկրորդ՝ ժամանակի առումով կասկածներ է առաջացնում, տարրականորեն սա արեւմտյան տեխնոլոգիաների օգտագործումն է: Շատ լավ գիտեք, մեկ էլ հայտարարում են Սադամ Հուսեյն ունի միջուկային զենք, մի քանի օր այդ տեղեկությունը պտտվում է, Իրաքի վրա հարձակվում են ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցները: Հիմա էլ սրանք են, առանց որեւէ ապացույցի, առանց որեւիցե խոր վերլուծության ներկայացնում են: Այն, որ Ռուզինսկին կարող է Նեֆյոդով անվան տակ հանդես գալ, օգնել Դոնբասի տարածաշրջանի անջատողականներին, դա զուտ ռուս-ուկրաինական խնդիր է, բայց ուղղակի ասել, որ Ուկրաինայի գաղտնի ծառայությունները ինչ-որ բան են բացահայտել, մենք էլ կարող ենք ասել, որ մեր գաղտնի ծառայությունները բացահայտել են, թե ով է սպանել Ջոն Քենեդիին:

Ես կարծում եմ, որ սա խայծ է, ինֆորմացիոն ռումբ է, որը նետվել է հայ հասարակության մեջ, որպեսզի Պերմյակովի դատավարությունից երկու օր առաջ էլ ավելի սրեն մթնոլորտը, բորբոքեն կրքերը: Այստեղ  սեպ է խրվում նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մեջ, սրանով ուկրաինական կայքերը ոչ բացեիբաց, բայց հասարակության մեջ ուզում են շրջանառել, որ սա պաշտոնական Մոսկվայի գործն է: Սրան ես չեմ հավատում, որովհետեւ ինչքան էլ ռուսական կողմը լինի բիրտ իր գործունեության մեջ, ոչ դիվանագետ իր քայլերի մեջ, դանդաղկոտ իր արձագանքի մեջ, այդքան հիմար չէր, որ 102-րդ ռազմաբազայի «հայրենիք» համարվող Գյումրիում կազմակերպեր սպանդ, եւ իր դեմ դուրս հաներ ոչ միայն գյումրեցիներին, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության հասարակությանը: Այնպես, որ այստեղ այլ շահագրգիռ դեմքեր կան»:

Հարցին՝ եթե Անդրեյ Ռուզինսկուն դիտարկենք  ուկրաինական լրատվությունից դուրս՝ մի՞թե վերջինս իր անուղղակի մասնակցությունը չունի՞, պատասխանատու չէ՞ Ավետիսյանների սպանդի հարցում: «Պարտադիր ունի, դուք տեսնում եք, եթե արտակարգ դեպք է տեղի ունենում որեւէ գերատեսչության ենթակա հիմնարկում, անմիջապես պատասխանատվության են ենթարկում տվյալ հաստատության տնօրենին: Ռուզինսկին էլ 102-րդ ռազմաբազայի, կոպիտ ասած, տնօրենն էր, այսինքն` հրամանատարն էր եւ այն, ինչ տեղի էր ունենում բազայի տարածքում ու բազայի տարածքից դուրս՝ կապված ռուս զինվորականների հետ, պատասխանատու էր պարոն Ռուզինսկին»:

Այդ դեպքում ինչո՞ւ պիտի Ռուզինսկին ավելի բարձր պաշտոն ստանար. Գյումրու 102-րդ ռազմաբազան լքելուց հետո ոչ միայն  քրեական պատասխանատվության չենթարկվեց, այլ նրան ուղարկեցին Ռոստով կորպուսի հրամանատար, մեր զրուցակիցն ասաց. «Ռուսաստանը աբսուրդի երկիր է, Ռուսաստանը, ինչպես եւ Հայաստանը, գլոբուսից դուրս են, ինչքան պաշտոնյային, քաղաքական գործչին չսիրեն, ատեն, այնքան իշխանությունները սկսում են դրան հովանավորել: Բացեք սոցիալական ցանցերը, տեսեք ինչ է գրում հայ հասարակությունը պաշտոնյաների 80 տոկոսի մասին, բայց մեր իշխանությունները սուրբ կովի պես գլխներին են դնում: Նույնն էլ Ռուսաստանի պարագայում է, եկեք հաշվի առնենք, որ Խորհրդային Միության մենթալիտետն է բոլորիս մոտ, էդ կոմպլեքսը դեռ պահպանվում է. ինչքան ժողովուրդը չսիրի պաշտոնյային, այնքան իշխանությունները հովանավորում են՝ գազազեցնելով ժողովրդին: Նույնը Ռուզինսկու պարագայում է, ինչքան ծանր հանցագործություն, այնքան ավելի բարձր պաշտոն են տալիս»:

Ըստ մեր զրուցակցի, եթե անգամ Ռուզինսկուն քրեական պատասխանատվության չենթարկեին, նրան պիտի հեռացնեին բանակից: Նա, Գագիկ Համբարյանի ասելով, կատարել է ամենածանր հանցանքը. հանցագործություն է կոծկել՝ զինված  Պերմյակովի դասալքության մասին տեղեկատվությունը մեր ոստիկաններին տրամադրել է բավական ուշ, առավոտյան 8.30-9.00 սահմաններում, իսկ եթե ճիշտ ժամանակին տրամադրեր, գուցե նման բան չլիներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031