Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե երկիրը դաժան վիճակում է, դու չպետք է դաժան գրականություն ստեղծես». Հենրիկ Էդոյան

Դեկտեմբեր 16,2015 19:55

«21-րդ դարի սկիզբը շատ կրիտիկական է մարդկության համար: Ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև հոգևոր, մշակութային, բարոյահոգեբանական առումներով երբեք այսքան ծանր դրություն չի ստեղծվել: Ու այս մթնոլորտում արվեստի մասին խոսելը և՛ հետաքրքիր է, և՛ պարադոքսալ. խոսում ես մի բանի մասին, որը հիմա մարդկանց գրեթե չի հետաքրքրում. մարդու գոյությունն այնքան է հարցականի տակ դրված, որ նա արվեստի մասին մտածելու ժամանակ չունի: Նրան հոգևոր աշխարհը չի հետաքրքրում, նա ապագայի նկատմամբ հավատ չունի: 18-րդ դարի մարդը, օրինակ, հավատում էր 19-րդ դարին: Արվեստագետը ձեղնահարկում կիսաքաղց ապրում էր, բայց գիտեր, որ ինքը մեծ գործ է անում, և 19-րդ դարը կգա, ամեն ինչ իր տեղը կդնի: Իսկ 20-րդ դարի մարդը 21-րդին չի հավատում, էլ ուր մնաց՝ 22-րդին հավատա…»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց բանաստեղծ, ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը:

Հարցին՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն արդյո՞ք բարենպաստ միջավայր չի ստեղծում լավ կամ նոր գրականություն ստեղծելու համար, Հ. Էդոյանը պատասխանեց. «Մարդկությունը, աշխարհը երբեք էլ հանգիստ, երանավետ վիճակում չի եղել: Տարբեր ժամանակներում դա տարբեր ձևերով է արտահայտվել… Ես կարծում եմ, որ եթե աշխարհը կամ երկիրը դաժան վիճակի մեջ է, դու չպետք է դաժան գրականություն ստեղծես: Եթե ամեն ինչ թոհուբոհի մեջ է, դու չպետք է ընկնես այդ թոհուբոհի մեջ: Գրողը, արվեստագետը իրավունք չունի տրվելու ընդհանուր հոսքին:

Վերջերս հեռուստատեսությամբ մի քանի գրողներ էին խոսում: Ասում էին՝ երբ երկրում ծանր վիճակ է, երբ փողոցում արյուն է հոսում, ինչո՞ւ ես գրում երկնային հրեշտակների մասին… Բայց ինչո՞ւ չպիտի գրես երկնային հրեշտակների մասին: Ի՞նչ անենք, այդ արյունն ավելի՞ առատացնենք: Այդպես չի կարելի: Ես չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական զարգացումները նպաստում են նոր կամ լավ գրականության ստեղծմանը: Չեն նպաստում, և արվեստը չպետք է տրվի դրան, չպետք է տրվի օրվա խաբկանքին: Խոսքը, իհարկե, բուն, իսկական արվեստի մասին է»:

Հ. Էդոյանի կարծիքով, մեր օրերում նաև համահարթեցում է գնում: Անհատները վերանում են աստիճանաբար: Հայ ժողովրդի համար առավել դժվար է, որովհետև Ցեղասպանությունից ու բոլշևիկյան դիկտատուրայից չափազանց շատ է տուժել: Եվ խոսքը միայն ֆիզիկական ոչնչացման մասին չէ. «Ամենակարևորը՝ հոգին է սպանված. մարդիկ մատերիալիստ են դարձել, բամբասկոտ, ստախոս, խարդախ… Այդ բանը մտել է ժողովրդի գիտակցության մեջ: Դա դուրս հանելն է դժվար… Նախ պիտի այդ բեռից ազատվես»:

Բանաստեղծի գնահատմամբ՝ Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտն այժմ շատ ծանր է, նույնիսկ թույլատրված սահմանից է անցել. «Դա փոխելու համար նախ պետք է իմանանք՝ ինչը փոխենք,- նկատեց Հ. Էդոյանը,- Սահմանադրությո՞ւնը փոխենք, բայց գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Նույն մարդիկ են, չէ՞: Թեկուզ աշխարհի լավագույն Սահմանադրությունը բերենք մեր երկիր… բայց նույն մարդիկ են գործում չէ՞: Ուրեմն՝ մարդը պետք է փոխվի: Ի վերջո, ամեն ինչի հիմքը մարդն է»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031