Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում՝ ռազմական կրթություն, խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի պատրաստություն, ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման ուղղությամբ փորձի փոխանակում և այլն:
Ռազմատեխնիկական բնագառավում համագործակցության շրջանակներում նախարարները հանդես եկան առաջարկությամբ՝ նախաձեռնել իրավապայմանագրային դաշտի արդիականացում, ինչը նոր խթան կհանդիսանա այս ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
Կարդացեք նաև
Միջազգային անվտանգության հարցերի շուրջ քննարկումների ընթացքում կողմերը կիսել են այն կարծիքը, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը լրջորեն սպառնում է միջազգային անվտանգությանը և դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ջանքերը:
ՀՀ պաշտպանության նախարարություն