Կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջանում ներկայացրեց Երկաթուղային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին նախագիծը: Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ գործող օրենքով բեռների փոխադրման մասնակիցների միջեւ փոխհարաբերությունները մնում են չկարգավորված: Օրինակ, շարժակազմի տրամադրման, բեռնման փաթեթավորման, վագոնների մատուցում, մաքրում, բեռնաթափում, այս ծառայությունների իրականացման հետ կապված կանոնակարգում չկար, կամայականությունների տեղիք էր տալիս:
Առաջարկվող դրույթները բխում են այն պարտավորություններից, որոնք ՀՀ-ն ստանձնել է միջպետական պայմանագրերով:
Սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը օրենքի հետ կապ չունեցող հարց ուղղեց. «Երեւան-Արտաշատ մայրուղին արդեն ավարտվել է, բայց չի շահագործվում, որը դժվարություններ է առաջացնում վարորդների համար այդ հատվածով երթեւեկելիս: Ե՞րբ է շահագործման հանձնվելու: Այդտեղ արագությունը սահմանափակված է, միակողմանի երթեւեկություն է: Սյունեցիները, եթե նախկինում 3-4 ժամում էին հասնում Սյունիք, հիմա հասնում են 5-6 ժամում, որը հաճելի չէ ոչ մեկին»:
Փոխնախարարը պատասխանեց, որ այդ ճանապարհահատվածի բացումը նախատեսում են այս տարեվերջին հանձնել. «Այս պահի դրությամբ կահավորման, լուսավորման աշխատանքներ են ընթանում, դեկտեմբերի 31-ին կփորձենք հաճելի անակնկալ անել, երկկողմանի լիարժեք շահագործման համար կբացենք ճանապարհը»:
Կարդացեք նաև
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին հետաքրքրում էր՝ այս փոփոխությունը հօգուտ «Հայկական երկաթուղո՞ւ» են անում, թե՞ հօգուտ տնտեսվարողների: Փոխնախարարն էլ պատասխանեց, որ նախագծով նկարագրում են, թե բեռը բերեցին՝ ով ինչ պատասխանատվություն ունի. «Որեւէ բան՝ երկաթուղու շահերը պաշտպանելու կամ հակառակը՝ ոտնահարելու, ներկայացված չի այստեղ որեւէ կերպ: Առավելություն երկաթուղուն չկա, ընդամենը Երկաթուղին հայտնվում է մի իրավիճակում, որ իր համար շատ հստակ խաղի կանոններ են գործում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ