«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կոնկրետ առաջադրանք է ուղղված ՀՀ իշխանություններին: Ազատության հրապարակում ճակատի հրավիրած քաղաքացիական հավաքի ընթացքում պարոն Ղուկասյանը հայտարարեց. «Այդ ուղերձն առաջին հերթին իրավապահ մարմիններին է ուղղված և նշանակում է, որ պետք է պատժվեն ոչ միայն անմիջականորեն իրավախախտումներ կատարած անձինք, այլ բոլոր նրանք, որոնք համակարգել են այդ հանցագործությունը:
Ըստ էության իրավապահներից ակնկալվում է հարուցել քրեական գործեր կազմակերպված հանցագործություն իրականացնողների, սահմանադրական կարգի տապալում հոդվածով նույն մարդկանց ներկայացնել մեղադրանք իրենց կատարած գործողությունների համար: Սա է Հայաստանին միջազգային հանրության կողմից տրված առաջադրանքը»:
Անդրիաս Ղուկասյանը վստահեցրեց, որ մեր ժողովուրդը չի համակերպվելու իր ինքնորոշման իրավունքի ոտնահարման փաստի հետ: Ամփոփելով պարոն Ղուկասյանը եզրափակեց. «Նոր Հայաստանը» երկրի վիճակը գնահատում է օրհասական և իր բոլոր գործողություններով նպաստելու է մեր ժողովրդի ազգային շահերի պաշտպանությանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ