Դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսին։
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային կապերով և Հայաստանը կարևորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ընդգծեց, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները, հավելելով, որ Հունաստանը հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և ամրապնդմամբ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց հայ-հունական ռազմական ընդլայնվող համագործակցության կապակցությամբ։
Կարդացեք նաև
Նախարար Նալբանդյանը Փանոս Կամենոսին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը, ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։
ՀՀ ԱԳՆ