Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավագ լեյտենանտ Գագոյի» հրահանգով խոչընդոտել են «Նոր Հայաստանի» անդամներին

Դեկտեմբեր 16,2015 18:22

Այսօր Ազատության հրապարակում կրկին միջադեպ է տեղի ունեցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների և ոստիկանների միջև: Քիչ առաջ Ազատության հրապարակում հրավիրված քաղաքացիական հավաքի ընթացքում ճակատի անդամներից Հարություն Ավլամազյանը պատմեց, որ ոստիկաները պոկել են միասնական շտաբի կողքին իրենց փակցրած «չաղտոտել տարածքը» հաղորդագրությունները՝ պատճառաբանելով, թե  մշակութային տարածքը ոչ նպատակային են օգտագործում:

«Նոր Հայաստանի» անդամները պահանջել են, որպեսզի օրենքին հղում անեն, սակայն ապարդյուն: Այնուհետև մի քանի անգամ պաստառը փակցրել են, ոստիկանները կրկին պոկել: Հարությունն այս առիթով նկատեց. «Մեկ շաբաթից ավելի է գրությունը կպցրած է, ինչո՞ւ այսօր որոշեցին միջամտել ու խանգարել մեր խաղաղ բողոքի ակցիան: Բիզնես նպատակների համար ինչպե՞ս են Ազատության հրապարակում վարձով հեծանիվներ տրվում, շուրջբոլորը սրճարաններ են: Տեղեկություն ունեմ, որ այդ վարձույթի գումարները գնում են կոնկրետ բարձրաստիճան ոստիկանների գրպանը: Բիզնես նպատակի համար օգտագործում են այս մշակութային տարածքը»:

Մանրամասնելով կեսօրին կատարվածը՝ Հարությունն ասաց. «Ոստիկանները, որ մեզ խոչընդոտում էին, հրահանգ ստացան ոմն ավագ լեյտենանտ Գագոյից: Նա սկզբից եղել  ենթասպա, այս քաղաքացիական շարժումների ժամանակ աճել դարձել է ավագ լեյտենանտ: Այնպես որ, մեր շնորհքն է, ոստիկան Գագիկ, որ դուք դարձել եք ավագ լեյտենանտ: Իսկ նա ողջ օրը բջջայինով է խոսում ու վերևներից հրահանգ ստանում»: Հարությունն ի գիտություն ոստիկանների հայտարարեց, որ իրենց պաստառները փակցված են մնալու:

Գնահատական տալով կատարվածին՝ «Նոր Հայաստանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նշեց. «Հանրաքվեի ժամանակ արտաքին մշտադիտարկման տակ գտնվող ռեժիմը փորձում էր իրեն զսպված պահել, հիմա կարծում է, որ ժամանակն անցնում է, կարող է ժանիքներ ցույց տալ»: Պարոն Ավետիսյանը հայտարարեց նաև, որ կազմակերպված կերպով մարզերում խոչընդոտել են իրենց անդամների՝ քաղաքացիների հետ հանդիպումները: Օրինակ՝ Կապանում հրավիրված հավաքին ներկա են գտնվել մարզպետի խորհրդականն ու քաղաքապետը և նրանց հրահանգով սադրիչներ են գործել, իսկ ոստիկանները ցուցաբերել են «հանցավոր անգործություն»:

Սակայն նա նշեց. «Ամենուրեք կային համակիրներ, որոնք անգամ Սյունիքում հաստատված ճամբարային կարգերի պայմաններում համարձակություն ունեն հակառակ գնալու ընդդեմ ռեժիմի և բարձրաձայնելու իրենց խոսքն ու աջակցելու ճակատի ներկայացուցիչներին: Անգամ Սյունիքում կա քաղաքացիական գիտակցություն և պայքարը ծիլեր ունի, որոնք պարտավոր ենք խնամել ու աճեցնել»: Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ վաղը քաղաքացիական հավաքներ կանցկացվեն Արարատյան դաշտավայրում, որտեղ ևս սպասվում են սադրանքներ ու խոչընդոտներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031