Այսօր «Մեդիա կենտրոնում» ի՞նչ փոփոխություններ կբերի նոր Սահմանադրությունը Հայաստանի տնտեսությունում քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը փորձում էր համոզել, որ նոր Սահմանադրությամբ մենաշնորհների հարցը կլուծվի, թե ինչպես՝ այդպես էլ անհասկանալի մնացին Այվազյանի մտքերն ու բացատրությունները:
Ըստ Այվազյանի, «Այն օրենքը, ինչ ունենք այսօր, հիմնականում իրականացնում է անբարեխիղճ տնտեսական մրցակցության… այնպես չէ, որ այս օրենսդրական մոդելի կարգավորման մեջ մենք մենաշնորհների առկայությունը այսօրվա դրությամբ տեսնում ենք: Մեխանիզմների ընտրությունը շատ կարեւոր է: Այսօրվա մեր օրենսդրությունը դա միայն եւ միայն իրականացնում է գերիշխող դիրքի չարաշահման բացառման մեխանիզմները»: Այսինքն՝ ՀՀ օրենսդրությամբ, տնտեսությունում մենաշնորհների առկայությունը չի բացառվում, բացառվում է մենաշնորհային դիրքի չարաշահումը:
Քննարկման մասնակից «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանն էլ հիշեցրեց, որ համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանը ԱՊՀ տարածքում եւ նախկին ԽՍՀՄ պետությունների մեջ ամենամոնոպոլացված տնտեսությունն ունի: «Նոր Սահմանադրությունը լուծո՞ւմ է գերիշխող դիրքի չարաշահումը, ոչ, չի լուծում: 1995 թվի Սահմանադրության 8-րդ հոդվածում գրված էր՝ ՀՀ-ում պետությունը երաշխավորում է ազատ տնտեսական մրցակցությունը, 2005-ին ավելացվեց մի հոդված, որով սահմանվեց՝ գերիշխող դիրքի չարաշահումն արգելվում է»,- ասաց Հայկ Գեւորգյանը, որը օրինակ բերեց, որ գործող նախկին Սահմանադրությամբ եւ գործող օրենքներով էլ կարելի է մենաշնորհային դիրքի չարաշահման դեպքերը բացառել, ինչը սակայն, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի անում: «Ի՞նչն էր խանգարում՝ նախկին Սահմանադրությամբ գործող օրենքներով արգելել գերիշխող դիրքի չարաշահումները: Օրինակ՝ Մոսկվայում բանանի մանրածախ գինը 60 ռուբլի է, դրամով՝ 420 դրամ է: Երեւանում բանանը վաճառվում է 870 դրամ»,-ասաց Գեւորգյանը: Նրա ներկայացմամբ՝ ԵՏՄ անդամ դառնալով, եթե ռուսական ընկերությունից ներկրվի բանան, ապա ներկրողը կարող է մեծածախի գնով առավելագույնը 300-310 դրամով ձեռք բերի, Հայաստան բերելուց հետո այն կարժենա առավելագույնը 550 դրամ, ինչո՞ւ է հիմա Հայաստանում 870 դրամ բանանը. «Որովհետեւ մեկ ներկրող կա, ինչո՞ւ չհայտնվեց մի գործարար, այդ հաշվարկն աներ ու գնար Ռուսաստանից բերեր այդ էժան բանանը: Ինչո՞ւ է մի կազմակերպություն՝ «Քեթրինը» բերում բանանը, բոլորս գիտենք, որ այն ում է հետ կապված՝ ԴԱՀԿ-ի Միհրանի: Ինչու ՏՄՊՊՀ հանձնաժողովը չի ուսումնասիրում այս շուկան»:
Այվազյանն էլ ասաց, որ նոր Սահմանադրությամբ սահմանվելու է մրցակցության սահմանափակում հասկացողությունը:
Կարդացեք նաև
«Եկեք ռեալ քննարկենք, եթե դուք ասեք Թիֆլիսում ինչո՞ւ է ֆայտոնը շուռ եկել, դու էլ եկել ես ստեղ նստել… ես դա… ռեալի հետ կապ չունի»,-ասաց Այվազյանը:
Իսկ թե ինչո՞ւ է բանանը մի ընկերություն ներկրում Հայաստան, Այվազյանն այդպես էլ չպատասխանեց. «խոսքը կտուրը գցեց»:
Այվազյանի ասածներից կարելի է ենթադրել, որ նոր Սահմանադրությամբ մենաշնորհներ չեն լինի, բացի ՝ բնական մենաշնորհներից. «Ասում եք՝ բանան բերողը չարաշահում է իր դիրքը, մի հատ Շաբոյանի հանձնաժողով ներկայացրեք ձեր բողոքարկումը՝ որտե՞ղ է չարաշահում, այ, եթե հստակ ձեւակերպումը տաք…
Ես գտել եմ, այդ ձեւակերպման մեջ ունեցել ենք այս երեւույթը, ես առաջարկել եմ փոփոխել: Դու ցույց տուր չարաշահման փաստը»,-Այվազյանը դիմեց Հայկ Գեւորգյանին, որն էլ ասաց, որ դա ՏՄՊՊՀ-ի գործառույթն է, որն այդպես էլ շուկան չի ուսումնասիրում:
Հետո Այվազյանը կրկին շարունակեց իր մտքերը՝ «Ենթադրենք դիտարկել է հանձնաժողովը, որ Մոսկվայում 400 դրամ է, մեզ մոտ 1000 դրամ, նույն տնտեսական գոտում ենք, բանանի 2-րդ ներկրող չի գալիս: Հիմա, եթե հանձնաժողովը, որ սկսի…
մենք էն բառակապակցությունը չպիտի ասենք՝ «արեւը հելել է՝ սաղին շոգ է», մեխանիզմը հասկանանք, ասենք՝ շուկայում կա մենակ ինքը՝ 1000 դրամով է վաճառում, որտե՞ղ է չարաշահումը»:
Ու այդպես էլ Այվազյանը չխոստովանեց, թե ինչո՞ւ է Հայաստանում բանանի մենաշնորհ, այնպես, ինչպես շաքարավազի մենաշնորհ է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ