Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը սիրային հայրեն է ասմունքում Բիշարյանի համար. ԱԺ-ում պոեզիայի ժամ է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2015 17:00

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում շարունակվում է պոեզիայի ժամը: Երեկ Ռաֆայել Պատկանյանից, Նարեկացուց հետո այսօր էլ Տաճատ Վարդապետյանը հատուկ Հեղինե Բիշարյանի համար ԱԺ ամբիոնի մոտ ասմունքեց Քուչակի հայտնի սիրային հայրեններից մեկը:

Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավարը հարակից զեկուցող Տաճատ Վարդապետյանին հարցրեց՝ «Իմանալով ձեր ստեղծագործական տաղանդը, պատասխանեք, մենք հաճախ օգտագործում ենք ինձանից հետո ջրհեղեղ, այս դեպքում մեր քաղաքականությունն այնպես է, որ մեզանից հետո՝ անապատ: Ինչպիսի ստեղծագործական մոտեցում կցուցաբերեք՝ այս խնդիրը ոչ սուր շեշտադրումներով առաջ տանելու»:

Տաճատ Վարդապետյանն ասաց, որ հիանում է տիկին Բիշարյանի երեւակայությամբ:

Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ այս ոլորտում բավականին բարձիթողի վիճակ է ստեղծվել, հայտնի մարդիկ դրանից օգտվում են, բիզնեսներ են ծավալում, որից տուժելու է մեր երկիրը եւ ապագա սերունդը, քանի որ ջրային ռեսուրսները շռայլորեն օգտագործում են սեփական բիզնեսների համար: Արարատի մարզում ձկնաբուծությունը հզոր թափ է առել. «Հնարավոր չէ՞ պոմպերով ջրերի օգտագործումը սահմանափակել, որովհետեւ մեծ քանակով է ստանում ջուր ու հնարավոր չի լինում վերականգնել: Անհրաժեշտ չէ՞ կրճատել նաեւ ձկնաբուծությունը, որովհետեւ ձուկ կարող ենք փնտրել եւ գտնել, իսկ ջրային ռեսուրսները չենք կարող վերականգնել: Արդյոք այսօրվա ոսկե ձկնիկներն ավելի՞ն են, քան վաղվա մեր երեխաները»:

Տաճատ Վարդապետյանը տիկին Բիշարյանի մտահոգություններին պատասխանեց. «Մի բան գիտեմ, մեզանից հետոն գալու է, բայց աղոթենք՝ թող ոչ ջրհեղեղ լինի, ոչ էլ անապատացում»:

Տիկին Բիշարյանն իր մտահոգությունը, որ ոմանք բիզնեսի համար մեր ապագան են կործանում, հիշեց Ֆրիկի խոսքերը. «Մեկին հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ մեկ չորքոտանի»:

Վարդապետյանը բանաստեղծական երկխոսությունը շարունակեց. «Այս պահին ակամայից Նահապետ Քուչակ եմ հիշում: Ուզում եմ ասել՝ դու ձուկ ու ես ջուր, հոգի՛ս, առանց ջուր ձուկըն մեռանի»:

Հավանաբար ՀՀԿ պատգամավորն ամաչեց ավարտել այս սիրային հայրենը՝ ուղղված Հեղինե Բիշարյանին. «Երբ զձուկն ի ջրէն հանեն, ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն, քան զմեռնելն այլ ճար չի լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031