Կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման ներկայացրեց «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ այս փոփոխություններով ուզում են արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ տարածման այլ միջոցներով: Ինչպես խաղատների եւ մյուս շահումով խաղերի դեպքում, այնպես էլ ինտերնետ շահումով խաղերի դեպքում գովազդը պետք է արգելել:
Այդ գովազդները կթույլատրվեն միայն մաքսակետերում եւ 4 աստղանի համապատասխան որակավորում ունեցող բարձրակարգ հյուրանոցներում:
Փոխնախարարը նշեց, որ իրենց նպատակն է հատկապես անչափահասներին հեռու պահել շահումով խաղերով եւ մոլախաղերով հրապուրվելու գայթակղությունից:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց՝ այս նախագծի հրատապությունը ո՞րն է, որ արտահերթ նստաշրջանում եք քննարկում, ոչ թե, ասենք, փետրվարյան նիստերին:
Փոխնախարարը պատասխանեց, որ հրատապություն չկա, պարզապես երկար ժամանակ էր, օրակարգում էր մնացել, բերել են արտահերթով:
Թեւան Պողոսյանը զարմացավ՝ ի՞նչ չափանիշներով եք ընտրել սա, հարյուրավոր օրենսդրական նախաձեռնություններ տարիներով սպասում են:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքերով՝ մեր երիտասարդների ինքնասպանությունների հիմնական պատճառներից է այն, որ «ղումարբազությամբ» են զբաղվում. «Տարել եղած-չեղածը կրվել են, դրա արդյունքում ինքնասպանություն են գործում: Այս տեսանկյունից շատ կարեւոր է այս նախագիծը: Տարվելով գովազդներով՝ կարծում են, թե սա արագ հարստանալու միջոց է»:
Նա հարցրեց, թե ինչո՞ւ ընդհանրապես չեն արգելում, հյուրանոցներում ու մաքսակետերում թույլատրում են: Փոխնախարարը պատասխանեց, որ բիզնեսի տեսանկյունից այդպես է նպատակահարմար, դա շարժառիթ կարող է հանդիսանալ դրսից զբոսաշրջիկների ներգրավման:
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց իր գործընկերների հետ, թե գովազդներով տարվում են, դառնում խաղամոլ ու ինքնասպանություն են գործում. «Խաղացողը խաղում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ