Դեկտեմբերի 10-ին թուրք հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան և Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Ռագըփ Զարաքոլուն արժանացել է Դանիայի «PL» հիմնադրամի «Խաղաղության» պարգևին:
Վերոնշյալ հեղինակավոր պարգևը, որը կազմում է 100 000 դանիական կրոն, շնորհվում է ՄԱԿ-ի համամարդկային իրավունքների հայտարարագրի շրջանակներում ոչ բռնության ճանապարհով ժողովրդավարության համար պայքարող մարդկանց և կազմակերպություններին:
Հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել էր Դանիայի Ազգային թանգարանի արարողությունների դահլիճում, ելույթով հանդես է եկել PL հիմնադրամի նախագահ Փոլ Սոգաարդը: Նա մասնավորապես նշել է, որ «Խաղաղության» պարգևը Ռագըփ Զարաքոլուին հանձնվում է մտքի ազատության և մարդու իրավունքների բնագավառներում իր բազմամյա պայքարի և գործունեության, ինչպես նաև 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ուղղված ջանքերի համար, ինչի համար նա հետապնդվել է, ենթարկվել հալածանքների և մի քանի անգամ բանտարկվել:
Պատասխան խոսքում Զարաքոլուն նշել է, որ պարգևը նվիրվում է տարիներ առաջ սպանված հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանթ Դինքի հիշատակին և ներկայումս երկարամյա ազատազրկման դատապարտված թուրքահայ գրող, լեզվաբան և ճարտարապետ Սևան Նիշանյանին: Նա տեղեկացրել է, որ Սևան Նիշանյանը սեփական միջոցներով վերականգնել է Թուրքիայի հունական Շիրինջե գյուղի ճարտարապետական կառույցները, ինչի համար ազատազրկման է դատապարտվել` առանց պետական թույլտվության վերակառուցողական աշխատանքներ իրականացնելու համար: Նա ավելացրել է, որ այժմ այդ շինությունները քանդման սպառնալիքի տակ են, իսկ Սևան Նիշանյանը միակն է, որ Թուրքիայում փակ ռեժիմի բանտում ազատազրկվել է «Մշակութային և բնական արժեքների պահպանման» մասին օրենքի խախտման հատկանիշներով: Նա կոչ է արել հնարավորինս բարձրաձայնել և դատապարտել Թուրքիայում տիրող ծայրահեղ անհանդուրժողականությունը և հնարավորինս օժանդակել բանտարկված մտավորականների ազատ արձակմանը:
Միջոցառմանը մասնակցել է Դանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Ք.Մեհրաբեկյանը, և ներկա էին նաև տարբեր երկրներում բնակվող թուրք մտավորականներ և իրավապաշտպաններ, որոնք իրենց գործունեության և խոսքի ազատության համար աքսորվել են Թուրքիայից:
Հարկ է նշել, որ 2005թ. Ռագըփ Զարաքոլուն արժանացել է նաև Նորվեգիայի Գրողների միության և Նորվեգիայի մշակույթի նախարարության «Արտահայտվելու ազատության» պարգևին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ