ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր հանրաքվեի քվեարկության հինգ տեղամասերի արձանագրությունների քաղվածքները ներկայացրեց ու մատնանշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարած պաշտոնական տվյալների կեղծիքները:
5/38 տեղամասի արձանագրության համաձայն 343՝ այո, 421՝ ոչ էր արձանագրվել: ԿԸՀ պաշտոնական տվյալներով թվերը կտրուկ փոխվել են՝ 1155՝ այո, 92՝ ոչ. «Այսինքն, ԿԸՀ-ի պաշտոնապես հրապարակված արդյունքների համաձայն՝ այս տեղամասում 806-ով ավելացվել են այո-ի ձայները»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Լեւոն Զուրաբյանը:
11.22 տեղամասի արձանագրությունում 156՝ այո, 426 ոչ-ի ձայներն են եղել, ԿԸՀ հրապարակած արդյունքներով 418՝ այո, 169` ոչ ձայն է եղել:
15.18 տեղամասում 430՝ այո, 470՝ ոչ ձայները նույնպես փոխվել են, պաշտոնական արդյունքներով դառնալով՝ 770 այո, 132` ոչ:
Կարդացեք նաև
23.42 տեղամասում 450 այո-ն ու 402 ոչ-ը ԿԸՀ տվյալներով դարձել են 750՝ այո, 112` ոչ:
28.35 տեղամասում 304 ոչ, 301 այո-ն վերածվել են 605 այո, 304 ոչ-ի:
«Շատ նման բաներ են արել, մենք այս դեպքերն ենք կարողացել արձանագրել, որովհետեւ այդ տեղամասերում ունեցել ենք վստահված անձինք, որոնք մինչեւ վերջ մնացել ու ձեռք են բերել արձանագրությունների քաղվածքները: ԿԸՀ բոլոր անդամները պետք է պատասխան տան, որ իրենց գործողություններով չքննարկեցին մեր ներկայացրած օրինախախտումների ամբողջ փաթեթը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Ի դեպ, պարոն Զուրաբյանի ներկայացրած արձանագրությունների քաղվածքների վրա կան նշված տեղամասի նախագահների, քարտուղարների ստորագրությունները: «Պատշաճ գրանցված արձանագրություններ են, կնքված է համապատասխանաբար, բայց համեմատությունը ԿԸՀ կողմից հրապարակված արդյունքների հետ ցույց են տալիս աղաղակող տարբերություններ»:
Լեւոն Զուրաբյանը հենց ասուլիսի ժամանակ ստորագրեց գլխավոր դատախազին ուղարկելու համար պատրաստած հանցագործության մասին հաղորդման տակ: Այդ հաղորդմամբ նա պահանջում է քննություն կատարել ու քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ