«Դա խորապես մտահոգված բարեկամի խոսք է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի`հանրաքվեի վերաբերյալ գնահատականներին վերաբերող հարցին:
Հիշեցնենք, դեսպանատան հայտարարության մեջ, մասնավորաբար, ասված է. «Աշխարհով մեկ կոռուպցիայի դեմ պայքարելու ԱՄՆ պարտավորությանը համահունչ, ԱՄՆ դեսպանատունը կարող է նաև հիմք ընդունել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները՝ գնահատելու արդյոք անձինք, ովքեր ուղղակիորեն միջամտել են դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ ընթացքին, կարո՞ղ են մասնակցել դեսպանատան ծրագրերում և միջոցառումներում»:
Ալեքսանդր Արզումանյանն ակնհայտ է համարում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ լեգիտիմության բացակայությունը եւ կարծում է, որ ամերիկացիներն, իբրեւ բարեկամ, հուշում են մեր իշխանություններին`ժողովրդի հետ աշխատանք ունենք անելու. «Այս փոփոխություններն այնպես պիտի անեք, որ մի քիչ նվազեցնեք այդ անվստահության մթնոլորտը: Կանեք`լավ, չէ…»:
Հարցին`սա միջամտություն չէ՞ մեր ներքին գործերին, ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը միջամտում, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Լավ է անում: ԱՄՆ դեսպանը հավատարմագրված է այս երկրում, որպեսզի խոսի ամեն ինչի մասին`թե պրոբլեմների, թե առաջընթացների: Ինչ է, մոնոպոլիա կա՞ ինչ-որ երկրի դեսպանի համար, որ կարա ամբախ-զամբախ խոսա, մեկ ուրիշը չի՞ կարող: Է՞դ է բարեկամի հայտարարությունը, թե՞ մյուս դիտորդներինը, որ ասում են`տիեզերքում նման արդար բան չկա: Բարեկամը դա չի կարող ասել»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին`ինչո՞ւ մեր ամերիկացի բարեկամներն այդպես խորապես չմտահոգվեցին 2008-ի մարտի 1-ին, երբ 10 մարդ զոհվեց, Ալեքսանդր Արզումանյանը հակադարձեց. «Մտահոգվել են, խորապես մտահոգվել են եւ իրենց աջակցության, իրենց աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ քաղբանտարկյալները ազատ արձակվեցին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ